Ռուստամ Գասպարյանը հանդիպել է Ծառուկյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը չի բացառվում, որ ԲՀԿ-ին կրկին անդամության հայտ ներկայացնի: Նա մեր լրագրողի հետ զրույցում հիշեցրել է, որ երբեմնի հարազատ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, լքել է ՀՀԿ-ի սպառնալիքների պատճառով:
«Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, բարեկամներ։ Մեր մեջ այն ժամանակ եղել է պայմանավորվածություն։ Հիշում եք՝ իմ տղային հետապնդում էին, իմ տղան այդ օրերին զալոժնիկ էր ՀՀԿ-ի ձեռքում։ Իմ դեմ պայման էր դրվել՝ հրաժարվել ԲՀԿ-ից»:
Ռուստամ Գասարյանը չի բացառել, որ կվերադառնա քաղաքական դաշտ, գուցե մասնակցի Արմավիրի քաղաքապետի ընտրություններին, գուցե՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այսինքն՝ Ձեզ համար քաղաքական էջը փակված չէ, մանավանդ որ նախկինում թիրախավորել էիք Սերժ Սարգսյանին։ «Դե, ո՞նց կարող է փակված լինել, երկրի ստեղծված օրից դրա մեջ ենք,- ասել է նա՝ շարունակելով. «Էդպես չի, որ թիրախավորված ինչ-որ բանի դեմ պիտի պայքարենք, մենք պատերազմով անցած մարդիկ ենք, մեր կյանքի ու արյան գնով ենք անցել պատերազմը, հաղթանակել ու քաղաքական ասպարեզում էլ ամեն ինչ պիտի անենք, որ մեր երազած երկիրն ունենանք, որը, ցավոք, մեր տղաները չկարողացան տեսնել»:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ից դուրս եկածները Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերություններն են վերականգնում, քանի որ առջեւում ընտրություններ են: Ռուստամ Գասպարյանը հայտնեց, որ Ծառուկյանի հետ վերջին անգամ տասն օր առաջ է հանդիպել, բայց ընտրությունների մասին խոսակցություն չի գնացել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: