Գերմանիայում հաստատել են, որ Հիմլերի դուստրը 1960-ականներին աշխատել է հետախուզության մեջ
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) հաստատել է, որ ԷսԷս-ի ռայխսֆյուրեր Հենրիխ Հիմլերի դուստրը՝ Հուդրուն Բուրվիցը, աշխատել է գերատեսչությունում: Այդ մասին հայտնել է Bild տաբլոիդը: Հրատարաըկության լրագրողները հետաքննություն են անցկացրել եւ պարզել, որ Բուրվիցն BND-ում որպես քարտուղարուհի է ընդունվել 1960-ական թվականների սկզբին:
«BND-ն հաստատում է, որ տիկին Բուրվիցը մինչեւ 1963 թվականը մի քանի տարի BND-ի աշխատակցուհի է եղել այլ անվան ներքո: Նրա պաշտոնաթողության ժամանակը համընկել է այն փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունեցել այն աշխատակիցների նկատմամբ, որոնց կենսագրությունը արատավորված է նացիզմով»,-ասված է գերմանական հետախուզական ծառայության պատմական բյուրոյի ղեկավար Բոդո Հեհելհամմերի պատասխանում:
Նամակում նշվում է, որ BND-ը, որպես կանոն, մեկնաբանություններ չի տալիս իր ներկայիս կամ նախկին աշխատակիցների վերաբերյալ, սակայն ծառայությունը համաձայնել է Բուրվիցի աշխատանքի վերաբերյալ բացառության կարգով տվյալներ տրամադրել «պատմական վերլուծության շրջանակներում»:
Բուրվիցը Հիմլերի միակ օրինական զավակն էր: Նշվում է, որ նա մահացել է 2018 թվականի մայիսին՝ 88 տարեկան հասակում: Bild-ի տվյալներով՝ նա մինչեւ ծերություն ակտիվ էր աջ ուժերի շրջանում, մասնակցում էր նեոնացիստների հանրահավաքներին եւ անդամակցում էր աջամետ ծայրահեղական կազմակերպությունների», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: