Բաժիններ՝

«Սուրբ Աստվածամայր»-ում 5 ամսական երեխայի մահը կապ չունի պատվաստման հետ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացած 5 ամսական երեխան հիվանդանոց է տեղափոխվել «ՍՌՀ, սուր միոկարդիտ, սրտային անբավարարություն III աստիճանի» կլինիկական ախտորոշմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:

Դրանից հինգ օր առաջ երեխան ստացել է հերթական պատվաստումը, սակայն Չոբանյանը հերքում է երեխայի մահվան կապը պատվաստման հետ: «Բաժանմունք ընդունվելուց հետո կարճ ժամանակահատվածում իրականացվել են մի շարք հետազոտություններ՝ երեխայի մոտ գրիպ չի հայտնաբերվել, իսկ կղանքի հետազոտությունը հայտնաբերել է էնտերովիրուս: Ամբողջ աշխարհում էնտերովիրուսները հանգեցնում են միոկարդիտների, ցավոք, շատ վատ հետևանքներով»,-ասաց Չոբանյանը:

Մասնագետը կարեւորում է պատվաստումից առաջ երեխաներին, բացի ջերմությունը չափելուց, սիրտը, թոքերը, որովայնը ստուգելուց, լրացուցիչ հետազոտելը, եթե կան գանգատներ:

Առողջապահության նախարարությունից հաստատեցին, որ երեխայի կենսաբանական նմուշների վիրուսաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերվել է էնտերովիրուսային վարակ, որը պատվաստման պահին որեւէ դրսեւորում չի ունեցել. Էնտերովիրուսային վարակի գաղտնի շրջանը կարճատև է և կարող է ձգվել 1-2-ից մինչև 5 օր: Հետազոտության արդյունքներով հերքվում է երեխայի մահվան հետ պատվաստման կապը:

Էնտերովիրուսը կարող է ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլևրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով ընդհուպ մինչև մահվան դեպքերի: Հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ, ցավոք, առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ որոշ դեպքերում անբարեհաջող ելքով:

Վերադառնալով դեպքի մանրամասներին՝ նշենք, որ հունիսի 26-ին մահացած 5 ամսական երեխան «Արտաշիսյան» պոլիկլինիկայում ստացել է հերթական պլանային պատվաստումների երկրորդ դեղաչափը: Պատվաստումից հետո երեխայի մոտ դիտվել է ջերմության բարձրացում, որը տևել է մեկ օր, այլ անհանգստացնող երևույթներ չեն դիտվել: Հունիսի 25-ին երեխայի մոտ նկատվել է անհանգստություն, ծնողները դիմել են «Արտաշիսյան» պոլիկլինիկա, որտեղ ախտորոշվել է «Սուր շնչառական հիվանդություն»:

Հունիսի 26-ին կրկին դիմել են պոլիկլինիկա, ախտորոշվելէ «Սուր շնչառական հիվանդություն, տոքսիկ ձև» և ուղեգրվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ երեխան մահացել է:

Նախարարությունից շեշտում են նաեւ՝ պատվաստումից հետո երեխայի մոտ ջերմային ռեակցիան կարող է դիտվել առավելագույնն առաջին 48 ժամվա ընթացքում: Եթե այն շարունակվում է կամ ընդհատումով նորից կրկնվում է, ապա չի կապվում պատվաստման հետ եւ հարկ է պատճառները պարզելու համար դիմել մասնագետի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս