«Իշխանությունները շղթայված են, հետևաբար՝ չեն կարող դասական մեթոդով բացել «Բաստիլի» դռները». Կարո Եղնուկյան
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարոն Եղնուկյանը վիրավորական է համարում այն, որ «քաղբանտարկյալներին» գրավով կամ երաշխավորագրերով են ազատ արձակում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իրենք հունիսի 17-ից սկսել են դրամահավաք «քաղբանտարկյալների» ազատ արձակման գրավի և նրանց առողջական խնդիրները լուծելու համար։
Նրա խոսքով՝ դասական հեղափոխության ժամանակ առաջին գործը քաղբանտարկյալների ազատ արձակումն է. «Դա արվում է ոչ դատական պրոցեսով, այլ՝ քաղաքական որոշումով։ Հեղափոխության հեղինակները բացում են «Բաստիլի» դռները և ազատ են արձակում քաղբանտարկյալներին։ Մերը մի փոքր այլ հեղափոխություն էր՝ թավշյա հեղափոխությունը, որը տարբեր արտաքին ուժերի կողմից հրահրվում էր, որ այն լինի օրենքի և Սահմանադրության շրջանակներում։ Այդ շրջանակները կապանք են այս նոր իշխանությունների ձեռքին, նրանք շղթայված են, հետևաբար՝ այս նոր իշխանությունները չեն կարող դասական մեթոդով բացել «Բաստիլի»՝ Նուբարաշենի դռները և ազատ արձակել քաղբանտարկյալներին»։
Կ. Եղնուկյանը նաև նկատեց, որ անձի խափանման միջոցը կալանքից փոխվում է ստորագրությամբ, գրավով կամ պատգամավորների երաշխավորությամբ, որը պետք է նաև ունենա գրավի գին, որն ամենաքիչը 500 հազար դրամ է։
«Այս գրավով, երաշխավորագրերով ու գրավով քաղբանտարկյալներին ազատ արձակելը, բացի նրանից, որ վիրավորական է, դրանով քաղբանտարկյալները դառնում են դատական համակարգի պատանդը, և դատական համակարգը պահանջում է պատանդավճար, որ իրենց ազատ արձակեն: Այնինչ նրանք պետք է օրենքով անեն դա, որովհետև նախնական կալանքը որպես խափանման միջոց՝ կիրառվել է անօրինական հիմքերի վրա, որովհետև ընդհանրապես հիմքերը բացակայում են։ Բոլորը պետք է ազատ արձակվեին ստորագրության դիմաց»,- նշեց Կ. Եղնուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։