«Ոսկե ծիրան» կինոփառատոնին Հայաստանը կհյուրընկալի նշանավոր ռեժիսորների
«Ոսկե ծիրան» հոբելյանական միջազգային կինոփառատոնն այս տարի Հայաստան կբերի հանրահայտ կինոգործիչների, որոնց թվում են կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Ջանֆրանկո Ռոզին, Ուլրիխ Զայդլը և Շոն Բեյքերը:
Հյուրերի և հետահայաց ցուցադրությունների մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց փառատոնի կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
«Ներկա կլինեն հյուրեր, որոնք մեկ անգամ չէ, որ եղել են Հայաստանում: Մեր երկիր կժամանեն ռեժիսորներ, որոնց հրավիրելու համար մենք երկար տարիներ ենք աշխատել, և, վերջապես, նրանցից դրական պատասխաններ ենք ստացել: Նշանակալի է հայտնի կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկու ներկայությունը, որի կինոնկարների ետահայաց ցուցադրությունը կանցկացվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մովսիսյանը: Նա հավելեց` կցուցադրվեն «Ակունքը», «Սև կարապ», «Մայր» ֆիլմերը:
Կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան մասնակցել վարպետության դասերի, ստանալ ֆիլմերի վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Մովսիսյանը շեշտեց, որ հյուրերի շարքում է հեղինակային ֆիլմերի վարպետ Ջանֆրանկո Ռոզին, ով մի շարք փառատոնների դափնեկիր է: Կանցկացվի նաև նրա ժապավենների ետահայաց ցուցադրություն: Կներկայացվեն «Ծովի մակարդակից ցածր», «Մարդասպան. սենյակ 164», «Սրբազան օղակաձև ճանապարհը» կինոնկարները:
Փառատոնի շրջանակում կանցկացվի Ուլրիխ Զայդլի «Սաֆարի» և ամերիկյան կինոյի ներկայացուցիչ Շոն Բեյքերի «Ֆլորիդա նախագիծը» ֆիլմերի հայաստանյան պրեմիերաները:
Կիրականացվի հատուկ ծրագիր` նվիրված ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի 65-ամյակին:
Փառատոնը կանցկացվի հուլիսի 8-15-ը: