Թրամփը ցանկանում է Պուտինի հետ գործարք կնքել Սիրիայի շուրջ. CNN
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսվող հանդիպմանը հույս ունի գործարք կնքել Սիրիայի շուրջ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրներ:
«Թրամփը հույս ունի, որ իրեն կհաջողվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործարք կնքել Սիրիայի հարավ-արեւմուտքի այսպես կոչված բացառիկ գոտու վերաբերյալ, ինչը թույլ կտա իրեն հնարավորինս շուտ դուրս գալ այդ երկրից»,- հեռուստաալիքին հայտնել է աղբյուրներնց մեկը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թրամփը պատրաստ է այն բանին, որ նշված շրջանը զբաղեցնեն Սիրիայի կառավարական զորքերը:
CNN-ի տվյալներով՝ Սիրիայից ամերիկյան զորքերի հնարավորինս արագ դուրս բերելու մտադրության մասին Թրամփը հայտարարել է Հորդանանի Աբդալլա Երկրորդ թագավորի հետ կայացած հանդիպմանը: Փոխարենն ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է Պուտինից այն բանի երաշխիքներ ստանալ, որ «սիրիական ռեժիմն այդ շրջանում ԱՄՆ-ի աջակցությունից օգտվող ապստամբների զանգվածային սպանություններ չի կատարի եւ թույլ կտա նրանց դադարեցնել մարտական գործողությունները եւ հեռանալ այնտեղից», նշում է հեռուստաալիքը: Թրամփը նաեւ հույս ունի Պուտինի հետ համաձայնության գալ Սիրիայի հարավ-արեւմուտքում հրադադարի հաստատման եւ այդ շրջանից Իրանի կողմից աջակցվող ուժերի դուրսբերման շուրջ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: