ՖՄԽ-ում ՀՀ ներկայացուցչին Պլեյադի երրորդ աստիճանի հրամանատարի շքանշան է հանձնվել
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական գլխավոր քարտուղար Ժակ Քրաբալը հունիսի 27-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին հանձնեց Պլեյադի՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության երրորդ աստիճանի հրամանատարի շքանշանը:
Արարողությունը տեղի ունեցավ ֆրանսիական Սենատում՝ Ֆրանսիայի Ֆրանկոֆոն դեսպանների խմբի Գլխավոր վեհաժողովում, մի քանի տասնյակ ֆրանկոֆոն դեսպանների ներկայությամբ։
Շքանշանի պարգևատրման ժամանակ Գլխավոր քարտուղար Քրաբալը, շնորհավորելով դեսպան Տեր-Ստեփանյանին, կարևորեց իր գործունեությունն ի նպաստ ֆրանկոֆոնիայի, ինչպես նաև, մասնավորապես, ֆրանկոֆոն դեսպանների խմբում նրա դերը, որտեղ նա եռանդուն աշխատում է հանուն Ֆրանկոֆոնիայի արժեքների խթանման:
Դեսպան Տեր-Ստեփանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյին իր նկատմամբ ունեցած բարձր գնահատանքի և վստահության մասին վկայող այդ որոշման համար։ Նա ընդգծեց, որ այդ քայլը վկայում է նաև Ֆրանկոֆոնիային և նրա արժեքներին ծառայելու Հայաստանի ունեցած մեծ պարտավորության ճանաչման մասին:
Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի հիմնադիր անդամ, առաջին նախագահ դեսպան Տեր-Ստեփանյանը վեհաժողովում վերընտրվեց Խմբի Գերագույն մարմնի անդամ: