«Քրեական տարրերի հետ պայքարը վերապահված է իրավապահ մարմիններին». Սուրեն Պապիկյանը՝ Էջմիածին քաղաքապետի ԺՊ-ի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էջմիածին քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս չի որոշել՝ արդյոք պաշտպանելո՞ւ է նրա թեկնածությունն ընտրությունների ժամանակ։

«Դա կախված է իրավիճակից,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ նկատելով, որ Գասպարյանը պատրաստված թեկնածու է, կայացած քաղաքացի,- Կարծում եմ՝ պատվով կկատարի այդ գործը»։

Ըստ նրա՝ քրեական տարրերի հետ պայքարը վերապահված է իրավապահ մարմիններին, որոնք իրենց գործը պատվով են կատարում։

Թե ինչո՞ւ են ընտրվում ոչ փորձառու երիտասարդներ, Ս.Պապիկյանը նշեց, որ իրենց կուսակիցները երիտասարդ են, իսկ նախկին պաշտոնյաների փորձն այնքան էլ պետք չի. «Մենք ուզում ենք իրավունքի երկիր ունենալ։ Երիտասարդը, ով պատրաստված է, ունի համապատասխան կրթություն, այս միջավայրում, կարծում եմ, պետք է ինքնադրսևորման հնարավորություն ունենա»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով քաղաքացիների կողմից հանրապետության տարբեր համայնքների ՀՀԿ-ական ղեկավարների հրաժարականի պահանջներին՝ նախարարը նշեց, որ իրենք նրանցից ազատվելու խնդիր չունեն.

«Ի սկզբանե դրա մասին խոսել ենք, որ մեր քաղաքական օրակարգում նման հարց դրված չէ։ Բայց եթե տվյալ քաղաքի կամ գյուղի քաղաքացիները ցանկություն չունեն, որ իրենց ՏԻՄ-ը ղեկավարի հենց այդ ղեկավարը, ապա պետք է հաշվի նստել համայնքի բնակչի հետ, որովհետև Հայաստանում այլևս գերակա է օրենքը, և քաղաքացու կամքը պետք է հաշվի առնենք, և քաղաքացին է որոշելու։ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, գործադիրը դրան չի խառնվում»։

 

Տեսանյութեր

Լրահոս