
Վրաստանն իր երկինքը փակել է սիրիական ինքնաթիռների համար

Վրաստանն իր օդային տարածությունը փակել է սիրիական Syrian Air եւ Cham Wings ավիաընկերությունների համար՝ կապված Սիրիայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիայի) անկախության ճանաչման հետ:
Այդ մասին հայտնել է Առաջին ալիքը: Ավելի վաղ մայիսի 29-ին, ի պատասխան Դամասկոսի գործողության, պաշտոնական Թբիլիսին հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, որոնք հաստատվել էին 1994 թվականի մայիսի 18-ին:
«Ես հաստատում եմ, որ Վրաստանը փակել է օդային տարածությունը սիրիական երկու ավիաընկերությունների համար»,-հայտարարել է «Սաքաէրոնավիգացիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գոչա Մեզվրիշվիլին: Reuters-ի տվյալներով՝ սիրիական ավիաուղիները Վրաստանի օդային տարածությունը Սիրիայի եւ Ռուսաստանի միջեւ չվերթներ կատարելու համար չեն օգտագործում հունիս ամսից: Ինքնաթիռները թռչում են Ադրբեջանով, ինչը թռիչքի տեւողությունն ավելացնում է մոտավորապես կես ժամով: