Էրդողանն ու Բահչելին քննարկել են Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը հանելու հարցը
Թուրքիայում շուրջ 2 տարի շարունակվող արտակարգ դրության ռեժիմը կարող է հանվել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հունիսի 27-ին Ստամբուլի նախագահական նստավայրում կայացած հանդիպմանը խոսել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին:
Արտակարգ դրության ռեժիմը երկրում հաստատվել էր 2016 թվականի հուլիսի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո: Արտակարգ դրության պայմաններում երկրում փակվել են մեծ թվով լրատվամիջոցներ, աշխատանքից հեռացվել, հետապնդումների են ենթարկվել կամ ձերբակալվել իշխանությունների տասնյակ հազարավոր քննադատներ:
Նախագահական պալատում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են արտակարգ դրությունն այլևս չերկարաձգելու հարցը: Բացի այդ կողմերն անդրադարձել են երկրում նոր կառավարության կազմման հարցին:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ու խորհրդարանական ընտրություններում Էրդողանի ու Բահչելիի ղեկավարած քաղաքական ուժերը հանդես էին գալիս դաշինքով: Նրանց «Ժողովրդական դաշինք»-ը ընտրություններում հավաքեց 53.66 տոկոս ձայն՝ ստանալով 344 տեղ 600 պատգամավորական մանդատ ունեցող մեջլիսում:
Քանի որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարողացավ ստանալ միայն 295 պատգամավորական մանդատ, ստացվում է այնպես, որ Էրդողանի ղեկավարած ուժը այսուհետ միայնակ՝ առանց ազգայնականների աջակցության չի կարողանալու որոշումներ կայացնել: Պատահական չէ, որ Էրդողան-Բահչելի հանդիպմանը քննարկվել է նաև այն հարցը, թե ինչ նախարարական պաշտոններ են զբաղեցնելու նոր կառավարությունում ազգայնական կուսակցության անդամները: