Շուրջ 120 երկրների ներկայացուցիչներ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կքննարկեն համատեղ պայքարը ահաբեկչության դեմ
ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում հունիսի 28 – 29-ը տեղի կունենա հակաահաբեկչական գերատեսչությունների ղեկավարների բարձր մակարդակի առաջին միջազգային խորհրդաժողովն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով:
Միջոցառումը նվիրված է ընդհանուր ջանքերի գործնական ասպեկտներին, այդ թվում՝ տեղեկատվության, փորձի եւ ռեսուրսների փոխանակումը, ծայրահեղականության դեմ պայքարը, ներառյալ նոր տեխնոլոգիաների չարաշահումը, օտարերկրացի ահաբեկիչ-զինյալներին հակազդումը եւ Համաշխարհային կազմակերպության դերը միջազգային հակաահաբեկչական համագործակցության աջակցման գործում:
Ինչպես պատմել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, ակնկալվում է շուրջ 120 երկրների, 25 միջազգային կազմակերպությունների եւ հարյուր հասարակական կազմակերպությունների մասնակցությունը:
Նրա խոսքով՝ գրեթե հարյուր պետություններ կներկայացվեն հակաահաբեկչական գերատեսչությունների ղեկավարների կամ ղեկավարների տեղակալների եւ ներքին գործերի նախարարների մակարդակով: Համաժողովի բացմանը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որի նախաձեռնությամբ է գումարվել միջազգային խորհրդաժողովը: Համաժողովի ընթացքում պլանավորված են 20-ից ավելի միջոցառումներ, ինչպես նաեւ մի քանի նստաշրջան, որոնցից առաջին երկուսը կկայանան դռնփակ ձեւաչափով՝ «զգայուն տեղեկատվության» քննարկման կապակցությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: