«Անշուշտ, բանագնացը պետք է բանիմաց լինի»

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դեռևս օդից կախված է մնում այն հարցը, թե ով է լինելու Արցախյան չկարգավորված հակամարտության հարցով ՀՀ հատուկ բանագնացը:

Հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակի և խորհրդականի վերջին հայտարարությունները՝ կարելի է ենթադրել, որ այս հարցում ՀՀ վարչապետ Փաշինյանը դեռևս չի կողմնորոշվել: Այնինչ, դատելով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ուժերի, զինտեխնիկայի աննախադեպ կուտակումից, բարձր մակարդակով հանդիպման անհրաժեշտության հարցը սարերի ետևում չէ, ուստի ՀՀ իշխանությունները պետք է կողմնորոշվեն:

Օրերս լայն քննարկումների առիթ տվեց «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանի արած դիտարկումներից մեկը: «Ես չեմ կարծում, և ցավում եմ դրա համար, որ Հայաստանում շատ չեն այն մարդիկ, որոնք տիրապետում են ԼՂ հակամարտության բանակցային ողջ գործընթացին»,- նշել էր նա։ Լրագրողի դիտարկմանը՝ օրինակ, Սերժ Սարգսյանը տիրապետում է, Ա.Խառատյանը պատասխանել էր.

«Մի շարք այլ անձինք էլ կան, որ տիրապետում են»։ Հաղորդավարը հիշեցրել էր, որ նախկինում Ա.Խառատյանն ասել էր, թե կօգտագործեն Ս.Սարգսյանի ներուժը։ «Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ո՞վ գիտի։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերի դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսենսուս և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը հենց այդ տեղում շատ պետքական է»,- մասնավորապես ասել էր Խառատյանը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը մեկնաբանել է Սերժ Սարգսյանին Արցախի հարցով հատուկ բանագնաց նշանակելու հնարավորության մասին խոսակցությունը՝ ասելով, որ Խառատյանը ոչ թե վարչապետի խոսնակն է, այլ նրա խորհրդականը։ Ինչպես նշել է Եղոյանը, կոնկրետ այս դեպքում պարոն Փաշինյանը չի կիսում Խառատյանի տեսակետը։ «Բայց Խառատյանն իր գործն է անում` որպես արտաքին քաղաքականության հարցերով վարչապետի խորհրդական, նա ընդամենը դիտարկում է Սերժ Սարգսյանի աշխատանքի հնարավորությունն արցախյան կարգավորման հարցով հատուկ բանագնացի պաշտոնում։ Ինչպես հայտնի է, վարչապետը նաև ուրիշ խորհրդականներ ունի։ Վարչապետը որոշումները կայացնում է բոլոր կողմերի դիրքորոշումները համադրելու և վերլուծելու հիման վրա»,- ասել է խոսնակը:

Շուրջ մեկ ամիս է, ինչ հայաստանյան մամուլում ակտիվորեն տեղեկություններ են տարածվում, թե արտաքին դերակատարները ևս այս հարցում որոշակի նախընտրություններ ունեն: Խոսքը մասնավորապես Ռուսաստանի և Ադրբեջանի մասին է: Այս տեղեկությունների համար հիմք դարձան ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի օրեր առաջ արած այն պնդումը, որ Ռուսաստանում Ֆուտբոլի առաջնության բացման պաշտոնական արարողության կուլիսներում չի կայանա ԼՂ հակամարտության հարցով հակամարտող կողմերի ղեկավարների հանդիպում, քանի որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ժամանել ՌԴ:

Սա թույլ տվեց որոշ փորձագետների պնդել, որ այս հարցում Մոսկվան նախընտրում է նախագահին: Սրան զուգահեռ՝ մեկ այլ տեղեկություն ևս հայտնվեց շրջանառության մեջ այն մասին, որ Ադրբեջանի նախագահը ՌԴ-ին հասկացրել է, որ ցանկանում է բանակցել Արմեն Սարգսյանի հետ:

Չնայած այս բոլոր տեղեկություններին, հստակ է, որ հարցը դեռ քննարկման փուլում է, և ՀՀ իշխանությունները չեն կողմնորոշվել: Այնինչ «168 Ժամի» հետ զրույցում փորձագետները մեկնաբանեցին, թե ում են արտաքին դերակատարները տեսնում են բանագնացի դերում, և ՀՀ որ պաշտոնյան պետք է ստանձնի այդ կարևոր առաքելությունը:

Ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը նշեց, որ դրական է տեսնել, որ ՀՀ իշխանությունները քննարկում են այլ գործիչների, նախկին նախագահների թեկնածություններ ևս՝ հատուկ բանագնաց նշանակելու հարցում, ինչը ժողովրդավարության նշան է: Ըստ նրա, անշուշտ, բանագնացը պետք է բանիմաց լինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին տարիների մանրամասներին: «Նման ձևով իշխանության փոփոխությունից հետո կառավարման փորձ չունեցող թիմի համար դժվար է նաև այս հարցում մանրամասների մեջ մտնել և շուտափույթ որոշումներ կայացնել: Բայց ԼՂ հակամարտության գոտում վերջին շրջանում ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս երկար քննարկումներ անցկացնել այս հարցի շուրջ: Որոշումը պետք է կայացվի հնարավորինս սեղմ ժամկետներում»,-նման կարծիք հայտնեց փորձագետը: Նա նշեց, որ բանակցային գործը համապատասխան հմտություններ է պահանջում:

«Չեմ կարծում, սակայն, որ երկու կողմերից որևէ մեկը լուրջ կերպով հաշվի է առել այդ հմտությունները: Կողմերը նույնիսկ բանակցային գործընթացում առճակատվում են, քանի որ լուրջ հմտություններ գործի չեն դնում: Նախկինում բանակցել է ՀՀ նախագահը, ով ի սկզբանե ականատես է դարձել հակամարտությանը, դրա զարգացմանն ու բանակցություններին: Բայց նա նաև եղել է երկրի ղեկավարը, այն անձը, ով որոշումներ է կայացնում և բանակցությունների ընթացքում իրավասու է խոսել ժողովրդի անունից, դիրքորոշում ներկայացնել:

Բնականաբար, Ադրբեջանի նախագահը գուցե չցանկանա իրենից ավելի բարձր լեգիտիմություն ունեցող գործչի հետ բանակցություններ վարել, բայց, ըստ իս, պետք է բանակցի այն պաշտոնատար անձը, ում ձեռքում իշխանությունն է կենտրոնացած: Նախ՝ ՀՀ վարչապետի լեգիտիմության մակարդակը հավելյալ առավելություն կտա, երկրորդ` վստահություն կներշնչի, որ բանակցությունները լուրջ են, և համաձայնությունները ենթակա են կատարման, քանի որ պարզապես իշխանություն չունեցող բանագնացը, չնայած իմանալով զիջումների և համաձայնությունների կայացման սահմանները, բանակցություններից հետո խորհրդակցություններ պետք է անցկացնի ղեկավարի հետ:

Կարծում եմ` սա հայկական և ադրբեջանական կողմերի համար այն կարևոր հարցն է, որ բանակցություններում պետք է ներգրավված լինեն մեծ լիազորություններ ունեցող գործիչներ, իսկ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում վարչապետն է համարժեք նախագահին»,- ասաց Ֆյոդոր Լուկիանովը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի կարծիքին, ապա ռուս քաղաքագետի կարծիքով՝ սա հայկական կողմի որոշելիք հարցն է: «Կարծում եմ` այստեղ նախասիրություններով և ցանկություններով առաջնորդվելը սխալ է, և չկա նաև նման միտում: Բանակցությունները կշարունակվեն այն բանագնացի հետ, որին կնշանակեն ՀՀ իշխանությունները»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը:

Ամերիկացի փորձագետ Փոլ Սթրոնսկին մեզ հետ զրույցում խոսելով այս հարցում արտաքին դերակատարների նախասիրությունների մասին՝ ասաց, որ, ամենայն հավանականությամբ, որևէ մեկը դեմ չի լինի որևէ թեկնածության: Միջնորդները, նրա համոզմամբ, կհարգեն Հայաստանի որոշումը: «Բնականաբար, Հայաստանն ունի իր տեսլականը կարգավորման վերաբերյալ, բանագնացը կարող է լինել լավատեղյակ նախկին պաշտոնյա կամ միջնորդների և հակամարտող երկրների կողմից հարգված գործիչ, ով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի ներդրում է ունեցել, նման անձինք կան, կարելի է օգտվել այդ ռեզերվից, լիազորել նախագահին կամ ստանձնել պատասխանատվություն՝ շարունակել բանակցությունները երկրի ղեկավարների մակարդակով: Սրանք հնարավոր են, բայց վերջին տարբերակն ավելի արդյունավետ կարող է լինել»,- ասաց Սթրոնսկին:

Ամերիկացի փորձագետի խոսքով՝ հարցեր կառաջացնի, եթե վարչապետը չգնա բանակցությունների: «Եթե հակառակորդ կողմը ներկայանում է նախագահի մակարդակով, նախընտրելի է համարժեք մակարդակի ներկայություն՝ բանակցության առարկայականության նպատակով: Ամեն դեպքում, ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակի հանդիպման, գուցե կա որոշում, որից տեղյակ չենք: Հուսանք, որ այն միայն դրական կլինի ԼՂ հակամարտության կարգավորման համար, քանի որ հակամարտության շուրջ լարումը մեծ է»,- ասաց Սթրոնսկին:

Տեսանյութեր

Լրահոս