Բաժիններ՝

Սի Ցզինպինը Մեթիսին հայտարարել է, որ Չինաստանը իր ոչ մի թիզ հողը չի զիջի

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը իր ոչ մի թիզ հողը չի զիջի, բայց եւ ուրիշների տարածքներին չի հավակնում:

Այդ մասին ասված է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Չինաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների ամենազգայուն թեման Թայվանի հարցն է: Չինաստանը քանիցս բողոք է հայտնել եւ ԱՄՆ-ից պահանջել՝ դադարեցնել զենքի մատակարարումները կղզուն, վերջ դնել պաշտոնական բոլոր շփումներին եւ հետեւել մեկ Չինաստանի քաղաքականությանը:

Բացի այդ, Պեկինի դժգոհությունն է առաջացնում ամերիկյան ռազմանավերի ու ինքնաթիռների մշտական հայտնվելը Հարավչինական ծովի ջրատարածքում, վիճելի կղզիների մերձակայքում, որոնք Չինաստանը իրենն է համարում: ԱՄՆ-ը իր հերթին հայտարարել է, որ դա միջազգային ջրատարածք է, որտեղ գործում է ազատ նավագնացության ռեժիմը: «Ինչ վերաբերում է Չինաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցերին, ապա մեր դիրքորոշումը շատ վճռական է ու պարզ:

Մենք չենք զիջի մեր նախնիների հողի ոչ մի թիզը, բայց մեզ ուրիշի ոչ մի հողակտոր հարկավոր չէ»,-հայտարարել է Սի Ցզինպինը: Նա նշել է, որ զինված ուժերի միջեւ կապերը երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչն են, եւ կոչ է արել ամրապնդել բարձր մակարդակի կապերը երկու երկրների զինված ուժերի միջեւ:

«Երկու երկրների բանակների միջեւ բարձր մակարդակով շփումների ամրապնդումը կօգնի վերացնել կասկածները, կանխել սխալ դատողություններն ու պատահարները»,-հավելել է Սի Ցզինպինը: Չինաստանի առաջնորդը հույս է հայտնել, որ երկու երկրների զինված ուժերը կամրապնդեն փոխգործակցությունը, կխորացնեն համագործակցությունը եւ կձգտեն այն բանին, որ զինված ուժերի միջեւ կապերը դառնան չին-ամերիկյան հարաբերությունների կայունարար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս