«Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները». Արտակ Զեյնալյանը՝ Վենետիկ կատարած աշխատանքային այցի մասին
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և խոստացել էի, այսօր կանդրադառնամ Վենետիկ կատարած աշխատանքային այցիս մանրամասներին, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթիս:
Հպարտությամբ և պատասխանատվությամբ հայտարարեցի, որ իրականացնելով թավշյա, առանց բռնության, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, Հայաստանը հաջողությամբ է անցել այդ քննությունը, և այսօր վստահորեն կարելի է պնդել, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը տարածաշրջանի ամենաժողովրդականն է, ավելին, Հայաստանի կառավարությանը լիակատար աջակցում է հայկական սփյուռքը: Նշել եմ, որ մեր կառավարությունն իր առջև խնդիր է դրել կառուցել մի երկիր, որտեղ մարդն իրեն երջանիկ կզգա: Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել՝ իշխանությունը ձևավորելու իր անառարկելի իրավունքը:
Հիմնական շեշտադրումս հետևյալն էր, որ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու համար: Մի քանի խոսքով ուրվագծել եմ նաև մեր փոփոխությունների ուղղությունը՝
• Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից՝ ապահովելով մաքուր համամասնական ընտրակարգ,
• Ներդնել կրկնաքվեարկությունները կանխելու մեխանիզմներ,
• Մաքրել ընտրական ցուցակները,
• Դատական պաշտպանության իրավունքը դարձնել գործնականում իրագործելի,
• և այլն»,- գրել է նա: