Բաժիններ՝

Լավրովի և Բոլթոնի բանակցությունները տևել են ավելի քան մեկուկես ժամ

Մոսկվայում ավարտվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի բանակցությունները: Աշխատանքային ճաշկերույթի ձեւաչափով հանդիպումը տեւել է ավելի քան մեկուկես ժամ եւ անցել է փակ ռեժիմով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Լավրովի հետ հանդիպումից առաջ Բոլթոնը ազգային անվտանգության խորհուրդների գծով համագործակցության հեռանկարները քննարկել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Ավերյանովի հետ: Ավելի ուշ Բոլթոնին կընդունեն Կրեմլում, ինչի մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Բոլթոնը «կշփվի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ, բայց կընդունվի նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից»:

Վաշինգտոնում, ազդարարելով Բոլթոնի այցի մասին, հայտարարել են, որ նա ռուս գործընկերների հետ կքննարկի «հնարավոր հանդիպումը» ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ: Մոսկվայում առայժմ չեն հաստատում, բայց եւ չեն հերքում բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստումը: Ռուսական կողմն ակնկալում է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ քննարկել այն տխրալի վիճակը, որում գտնվում են ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ մի շարք հանգուցային միջազգային խնդիրներ, հավելել է Դմիտրի Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս