Բաժիններ՝

Իրանցիները պարտավոր են օգնել իշխանություններին՝ հաղթահարելու տնտեսական խնդիրները. ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար գեներալ Յախյա Ռահիմ Սաֆավին հունիսի 27-ին հայտարարել է, որ Իրանի յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է՝ իրանական կառավարությանն օգնել՝ հաղթահարելու տնտեսական դժվարությունները: Այդ մասին հայտնել է «ֆարս» գործակալությունը: «Միասին աշխատելը մեր պարտքն է, որպեսզի օգնենք հարգելի կառավարությանը եւ մյուս կառավարական մարմիններին՝ հաղթահարելու տնտեսական խնդիրները»,-ասել է նա:

«Մենք պետք է չեզոքացնենք տնտեսական պատերազմ սանձազերծելու եւ հոգեբանական գործողություններ իրականացնելու թշնամու պլանները»,-ընդգծել է ԻՀՊԿ-ի ղեկավարը: Թեհրանում եւ Իրանի մյուս քաղաքներում հունիսի 25-ից բողոքի ակցիաներ են անցկացվում ազգային արժույթի արժեքի կտրուկ անկման ֆոնին:

Ոստիկանության աշխատակիցները բողոքավորներին զսպելու համար հարկադրված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

Նախօրյակին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Վաշինգտոնը դաշնակից պետություններից պահանջում է մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 4-ը կրճատել նավթի ներմուծումն Իրանից՝ ամերիկյան պատժամիջոցների դրույթներին համապատասխան:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ:

Իր հերթին իրանական կողմը հայտարարել է, որ համաձայն է ԳՀՀԾ-ում մնալ միայն այդ դեպքում, եթե մնացած գործընկերները, առանց ԱՄՆ-ի, կարողանան ապահովել համաձայնագրի բոլոր պարտավորությունների կատարումը, մասնավորապես, տնտեսության ոլորտում: Իրանի ղեկավարությունը նախազգուշացրել է, որ եթե ԳՀՀԾ-ի պարամետրերի կատարումը անշահավետ դառնա, Թեհրանը դուրս կգա համաձայնագրից, հաղորդել է «Ինտերֆեքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս