Բաժիններ՝

«Բաց մարդ է՝ առանց երկրի առաջին դեմքին բնորոշ ձևականությունների». Լապշինը ԱՄՆ- ում հանդիպել է ՀՀ նախագահին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ հրապարակելով ՀՀ նախագահի հետ երկու լուսանկար:

«Վաշինգտոնում ծանոթացա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Զարմանալիորեն բաց, ուրախ մարդ է՝ առանց երկրի առաջին դեմքին բնորոշ ձևականությունների»,- գրել է բլոգերը:

Նա նաև հետգրություն է թողել, որում համոզմունք է հայտնել, թե իր այս հրապարակումը ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից այլ կերպ է ընկալվելու: «Վաղը բոլոր ադրբեջանական ԶԼՄ-ներում. «Լապշինն ամբողջությամբ հանձնվել է: Հաղթական Նավթաստանի հետախուզությունը հայտնաբերել է նրա նկարը նախագահի հետ: Նշանակում է՝ հաստատ դաշնակներից փող է ստացել»,- ծաղրել է Լապշինը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին եռօրյա այցով ժամանել է ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական և մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը:

Նա մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի առաջին հանրապետության դերին ու նշանակությանը, կարեւորել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը, խոսել հզոր ու զարգացած երկիր ունենալու մասին, որով աշխարհի բոլոր հայերն իրենց հպարտ կզգան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս