Չեխիայի նախագահը նոր կառավարություն նշանակեց
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հունիսի 27-ին նշանակել է հանրապետության կոալիցիոն կառավարության նախարարներին, որն ազգային խորհրդարանում, հենվելով կոմունիստների աջակցության վրա, ստեղծել են գործող վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժումը եւ Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Արարողությունը տեղի է ունեցել Փրահայի գրադում:
«Շնորհավորում եմ ձեզ (նախարարների կաբինետի անդամներ) նշանակվելու կապակցությամբ»,- ասել է Զեմանը՝ ելույթ ունենալով Բաբիշի կառավարության անդամների նշանակման արարողությանը, որին նա վարչապետի պաշտոնում կրկնակի հաստատել էր հունիսի 6-ին:
Զեմանը նաեւ հայտնել է, որ հուլիսի 11-ին կայցելի խորհրդարանի ստորին պալատի նիստին, որպեսզի աջակցի կառավարությանը նրան վստահություն հայտնելու հարցի շուրջ պատգամավորների քվեարկությունից առաջ: Բաբիշն իր հերթին արարողության ժամանակ հայտարարել է. «Կառավարությունն ամենից առաջ պայքարելու է մեր քաղաքացիների անվտանգության համար: Պայքարելու ենք անօրինական միգրացիայի դեմ, պաշտպանելու ենք մեր շահերը Եվրոպայում, պայքարելու ենք կոռուպցիայի եւ բյուրոկրատիայի դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: