Գերմանիայում ՀՀ դեսպանն այցելել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս այցի շրջանակներում ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին հունիսի 26-ին Մագդեբուրգ քաղաքում ընդունեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության տնտեսության, գիտության և թվայնացման հարցերով պետքարտուղար Յուրգեն Ուդեն:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ստեղծված կապերին՝ գոհունակությամբ նշելով ընթացիկ տարվա մայիսին Մարթին Լյութերի անվան Հալեի համալսարանի ռեկտոր Շթրեթերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Կարևորվեց հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը ոչ միայն կրթության և գիտության, այլև տնտեսության բնագավառում, ընդգծվեց առկա տնտեսական ներուժին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում հատուկ անդրադարձ կատարվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գրանցված առաջընթացին, ինչը լավ հիմք է կողմերի միջև համատեղ ծրագրերի իրականացման համար:
Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի հարցերով պետքարտուղար Գունար Շելենբերգերի հետ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ընթացիկ տարվա սեպտեմբերին նախատեսված պետքարտուղար Շելենբերգերի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան և դրա շրջանակներում Երևանում նախատեսված մի շարք միջոցառումներին: