
Twitter-ը սպամի և բոտերի պատճառով դժվարացրել է ծառայությունում գրանցվելը

Twitter սոցիալական ցանցը հայտարարել է, որ անբարեխիղճ օգտատերերի ու նախեւառաջ բոտ-օգտահաշիվների դեմ պայքարի շրջանակներում մտադիր է նոր օգտահաշիվների գրանցման պարտադիր հաստատում սահմանել e-mail-ով եւ հերախոսահամարներով: Այդ մասին սոցցանցի ղեկավարության ներկայացուցիչները գրել են բլոգում:
Twitter-ի փոխնախագահ Դել Հարվին եւ ընկերության անվտանգության բաժնի ղեկավար Յոել Ռոթը գտնում են, որ նոր օգտատերերի անձը հաստատելու անհրաժեշտությունը կօգնի պայքարել ագրեսիվ կոնտենտի, թրոլների ու սպամի դեմ:
«Սա կարեւոր փոփոխություն է այն մարդկանցից պաշտպանվելու համար, որոնք փորձում են օգտվել մեր բաց լինելուց»,-գրել են թոփ-մենեջերները, ճշտելով, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մինչեւ տարեվերջ: Twitter-ի տվյալների համաձայն, միայն մայիսին սոցիալական ցանցում ամեն շաբաթ անջատվել են տասական միլիոն ավտոմատացված սպամ- կամ բոտ-օգտահաշիվներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: