Արբանյակային նկարահանումները ցույց են տվել, որ Փհենյանը արդիականացնում է Յոնբենի միջուկային կենտրոնը
Անցած շաբաթ արբանյակներից ստացված նկարահանումները վկայում են հյուսիսկորեական Յոնբենի միջուկային կենտրոնի արդիականացման աշխատանքների մասին: Այդ մասին հայտնել է The Hill հրատարակությունը՝ վկայակոչելով Ջոն Հեփքինսի ամերիկյան համալսարանին առընթեր ԱՄՆ-ի եւ Կորեայի ինստիտուտի 38 North կայքը:
Արբանյակների տվյալների համաձայն, ԿԺԴՀ-ն արագ տեմպերով այդ կենտրոնում նոր պոմպային կայանք է կառուցում ռեակտորի սառեցման համար, ավարտվել է սառեցման համար ջրի պահեստարանի շինարարությունը:
Սակայն, ինչպես ճշտում է The Hill-ը, պարզ չԷ՝ արդյոք այժմ գործում է Յոնբենի ռեակտորը: Իր հերթին 38 North կայքում նշվում Է, որ միջուկային կենտրոնի աշխատակիցները սովորական գործունեությունը կշարունակեն ընդհուպ մինչեւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընից կարգադրություն ստանալը:
Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ում արդեն սկսվել են միջուկային ծրագրի դադարեցման միջոցառումները: Մայիսի վերջին ԿԺԴՀ-ի իշխանությունները հաստատել են միջուկային փորձարկումների «Փունգերի» զինափորձարանի լիակատար ապամոնտաժման վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: