Որտեղ են նախընտրում հանգստանալ հայերը
Հայաստանցիներն այս ամռան հանգստի համար առավել շատ փաթեթներ են ամրագրել Եգիպտոս, Հունաստան, ինչպես նաև Վրաստան ուղղություններով: Թեև զարմանալի է, սակայն ակտուալ է դարձել նաև Մոնտենեգրոյում հանգստանալը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին փաստեցին տուրիստական ընկերություններից և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից:
Գրեթե բոլոր տուրիստական ընկերություններից հայտնեցին՝ հայաստանցիներն արդեն քանի տարի շարունակ նախապատվությունն ամենից շատ տալիս են ամենամատչելի ծովային հանգիստ առաջարկող Եգիպտոսին, այնուհետև՝ Վրաստանին, իսկ եվրոպական երկրներից՝ Հունաստանին, մասնավորապես, Կրետե կղզուն:
«Գրին վեյ տուր» ընկերության տնօրեն Շուշան Սարգսյանը նշեց՝ ավելացել են շրջագայությունները երկրներում, հատկապես Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում:
«Շելբի տուր»-ից տեղեկացանք՝ եվրոպական երկրներում հանգստանալու ցանկություն հայտնողների թիվը մեծ է, սակայն մեկնում է դիմողների միայն 30 տոկոսը: «Եվրոպական երկրների դեպքում վիզայի հետ կապված խնդիր կա: Շատերն են մերժում ստանում»,-ասաց տուր-մենեջեր Զառա Խաչատրյանը:
ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը փաստեց՝ հայաստանցիները հանգստի համար երկիրն ընտրում են ըստ նպատակի, հետո արդեն տեսնում են, թե ծովային հանգիստ առաջարկող երկրներում գնային ինչպիսի քաղաքականություն է: Գինն իր դերակատարումն ունենում է: «Առավել շատ գնում են Վրաստան, Եգիպտոս: Պատմամշակութային, ճանաչողական նպատակներով եվրոպական երկրներից նախընտրում են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան»,-ասաց Ապրեսյանը:
Ընկերությունները ոչ շատ, բայց հաճախ ընտրվող ուղղություններից առանձնացրին նաև Բուլղարիան և Մոնտենեգրոն: Մեխակ Ապրեսյանը փաստեց նաև, որ վերջերս ավելի հաճախ է որպես հանգստյան երկիր ընտրվում Մոնտենեգրոն: Նման ակտիվացումը հիմնավորեց ամառային սեզոնին այդ երկիր արտոնյալ վիզային ռեժիմի տրամադրմամբ:
Որոշ տուրօպերատորներ փաստեցին՝ արտերկրում հանգստանալու շարժն այս տարի նախորդ տարվա համեմատ ակտիվացել է, ոմանք հակառակը՝ նվազում են նկատել: Այնուամենայնիվ, տարվա սկզբի համեմատ հանգստի մեկնողների թիվն անհամեմատ ավելացել է: Ամռան համար փաթեթները սկսել են ամրագրել դեռ հունվար ամսից: Տուրիստական ամենաակտիվ շրջանը համարեցին հուլիսն ու օգոստոսը: