«Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» ֆիլմը վարձույթի առաջատարն է դարձել ԱՄՆ-ում
«Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» ֆիլմի դրամամուտքերը ԱՄՆ-ում վարձույթի դեբյուտային շաբաթվա ընթացքում կազմել են 150 մլն դոլար: Ընդ որում՝ Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, որտեղ կինոնկարն էկրաններ է բարձրացել երկու շաբաթ ավելի շուտ, դրամամուտքերն արդեն հասել են 561 մլն դոլարի:
Այսպիսով՝ ներկայում կինոնկարի ընդհանուր դրամամուտքերը կազմել են 711,5 մլն դոլար: Մինչդեռ Rotten Tomatoes պորտալը իսպանացի ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնի ֆիլմին ընդամենը 50 տոկոս է տվել վարկանիշի սեփական սանդղակում, նշելով, որ «իրոք հուզիչ պահերն ավելի ու ավելի են նվազում» նշանավոր ֆրանշիզայում:
Այդուամենայնիվ, հանդիսականները ավելի դրական են արտահայտվել կինոնկարի մասին, նրանց համակրանքի մակարդակը, ըսի նույն պորտալի հաշվարկների, կազմում է 63 տոկոս: «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» ֆիլմը նաեւ ցույց տվեց, որ չինական կինոշուկան կարեւորագույնն է մնում Հոլիվուդի համար: Այսօրվա դրությամբ, Չինաստանում վաճառված են ֆիլմի 202,6 մլն դոլարի տոմսեր:
Ընդ որում՝ չինական շուկայում ցուցադրության առաջին օրը կինոնկարը հավաքել է 34,4 մլն դոլար՝ հանդիսականների հետաքրքրությունն ապահովելով նաեւ հետագա օրերին: Սակայն, մարկետոլոգների կանխատեսումների համաձայն, «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2»-ը չի կարողանա հաղթահարել 1 մլրդ դոլար դրամարկղային մուտքերի սահմանագիծը եւ այդ ցուցանիշով 35-րդ ֆիլմը դառնալ համաշխարհային կինեմատոգրաֆում:
Վարձույթի առաջին շաբաթվա ընթացքում ֆրանշիզայի նախորդ կինոնկարը՝ ռեժիսոր Քոլին Թրեվորոուի «Յուրայի դարաշրջանի աշխարհը» (2015 թվական) ֆիլմը Հյուսիսային Ամերիկայի շուկայում հավաքել է 208,8 մլն դոլար: Ընդ որում՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս ֆիլմը դեբյուտային շաբաթվա ընթացքում բերել է ավելի քան 500 մլն դոլար, ինչը բացարձակ ռեկորդ է դարձել համաշխարհային կինեմատոգրաֆում: Հանրագումարում կինոնկարի համաշխարհային դրամամուտքերը կազմել են 1,672 մլն դոլար:
Ֆրանշիզայի միայն եւս մեկ ֆիլմ է կարողացել հաղթահարել 1 մլրդ դոլարի դրամարկղային մուտքերի սահմանագիծը: Դա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի դարաշրջանի բնայգին» կինոնկարն է, որի արդյունքը կազմել է 1,029 մլրդ դոլար: Այդուամենայնիվ, «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» ժապավենի առեւտրային ներկայիս արդյունքը հաստատում է նրանց կարծիքը, ովքեր, ինչպես եւ այդ ֆրանշիզայի հիմնադիր Սթիվեն Սփիլբերգը, գտնում են, որ նրա ներուժը դեռեւս սպառված չէ:
Սթիվեն Սփիլբերգը շարունակում է ակտիվորեն մասնակցել նախագծի զարգացմանը: Նա անփոփոխ կերպով հանդես է եկել որպես խորհրդատու: Արդեն հայտնի է դարձել, որ Սփիլբերգը կլինի ֆրանշիզայի վեցերորդ կինոնկարի պրոդյուսերներից մեկը, որը հայտնի է «Յուրայի դարաշրջանի բնայգին 3» պայմանական անվանումով: Դրա ստեղծման համար ռեժիսորական աթոռին է վերադառնում Քոլին Թրեւորոուն: Նախատեսվում է, որ ֆիլմն էկրան կբարձրանա 2021 թվականի հունիսի 11-ին:
Հյուսիսային Ամերիկայի վարձույթում երկրորդ տեղը, անցած շտաբաթվա արդյունքներով, զբաղեցրել է Walt Disney Pictures ընկերության ռեժիսոր Բրեդ Բերդի «Գերընտանիք 2» անիմացիոն մուլտֆիլմը՝ 81 մլն դոլարով: Դա նրա երկրորդ շաբաթն էր վարձույթում:
Մինչդեռ ԱՄՆ-ի եւ Կանադայի կինոթատրոններում ցուցադրության դեբյուտային շաբաթվա ընթացքում ժապավենը վաստակել է 182 մլն դոլար, ինչը գրեթե 20 մլն դոլարով գերազանցել է դրա ստեղծողների կանխատեսումները: Դրանով իսկ «Գերընտանիքի» սիքվելը դարձել է ամենահասութաբեր ֆիլմ-մուլիտֆիլմը ցուցադրության իր առաջին շաբաթվա ընթացքում՝ այդ վարկանիշի երկրորդ դիրքը մղելով «Դորիի որոնումներում» կինոնկարը (2016 թվական)՝ 135 մլն դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: