
Հրանտ Մելքումյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարներից է

Տեղի ունեցավ օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5-րդ տուրը:
Տուրի կենտրոնական պարտիաներում առաջատարներից Սետուրամանը ու Կիրիլ Ստուպակը և Զավեն Անդրիասյանը ու Ռինատ Ջումաբաևը մրցում էին միմյանց դեմ, իսկ մյուս առաջատար Մանուէլ Պետրոսյանի մրցակիցն էր Կարեն Ասրյանի հուշամրցաշարի նախորդ տարվա հաղթող Հայկ Մարտիրոսյանը: Սետուրաման – Ստուպակ և Անդրիայան – Ջումաբաև պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ, իսկ Մարտիրոսյանը առավելության հասավ Պետրոսյանի նկատմամբ և միավորներով հավասարվեց առաջատարներին: Առաջատարների խմբին միացավ նաև Կրիշնան Սաշիկիրանը, ով հաղթեց Արման Միքայելյանին, ինչպես նաև Հրանտ Մելքումյանը, ում մրցակից Վահան Նալբանդյանը պարզապես չներկայացավ պարտիային և Մելքումյանին շնորհվեց տեխնիկական հաղթանակ:
5-րդ տուրից Սաշիկիրանը, Մելքումյանը, Սետուրամանը, Ջումաբաևը, Անդրիասյանը, Մարտիրոսյանը և Ստուպակը վաստակել են 4-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 12 շախմատիստ առաջատարներից հետ են կեսական միավորով: