Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման հարցը բանկերի տիրույթում է. վարչապետ
Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման գործընթացում կառավարությունն իր անելիքն արդեն արել է, հարցը բանկերի տիրույթում է:
Հունիսի 25-ին ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Համոզված ենք, որ նրանք կգնան այդ քայլին, մենք էլ կբանակցնենք բանկերի հետ, Կենտրոնական բանկը նաև կաշխատի այս ուղղությամբ, որ հասկանանք իրար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին, որոնք Ազգային ժողովը հաստատեց: Փաշինյանի խոսքով՝ փոփոխություններն ուղղված են բանկերի համար բարենպաստ դաշտ ստեղծելուն, որ վերջիններս շահագրգռված լինեն ներել ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները և վարկառուների հետ հաստատեն մինչ վարկի ձևակերպումն ու ստացումը եղած հարաբերությունները: «Մինչ փոփոխությունների նախաձեռնումը Հարկային օրենսգրքով սահմանվում էր, որ, եթե բանկը որևէ հարկատիրոջ զիջեր ժամկետանց պարտքը, դա նրա համար համարվելու էր եկամուտ ու դրա դիմաց պետք է հարկային պարտավորություն ստանձներ: Այս պարագայում բանկի վրա որևէ հարկային պարտավորություն չի առաջանա, որպեսզի բանկերը ևս շահագրգռված կլինեն զրոյացնել տույժ-տուգանքները»,-հավելեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև վարկային պատմությունների սրբագրմանը: Նա նկատեց նաև, որ կիրառվում է ոչ ամբողջական լուծում, ինչն իրավիճակի թեթևացմանն ուղղված աստիճական ու շարունակական քայլ է: «Մենք չեն կարող հաշվի չառնել նաև բանկային համակարգի կայունության խնդիրները, պետք է հավասարակշռված քայլերով գնանք առաջ»,-եզրափակեց վարչապետը: