Հայաստանցի օդաչուների թռիչքային կյանքը փորձում են երկարաձգել
«Ավիաբուժ» բժշկական կենտրոնը, աշխատելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխան, փորձում է երկարաձգել հայաստանցի օդաչուների թռիչքային կյանքը: Օդաչուների առողջական վիճակի համար սահմանված ստանդարտներն այլևս այնքան էլ խիստ չեն:
«Ավիաբուժ» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ օդաչուները որոշակի հիվանդությունների առկայության, սակայն ստանդարտների համապատասխանության և խիստ վերահկողության պարագայում էլ կարող են շարունակել իրենց աշխատանքը:
«Մենք արդեն 3 տարի է, ինչ աշխատում ենք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխան: Դա մեզ թույլ է տալիս ավելի լայնածավալ հետազոտություններ կատարել և օդաչուներին վաղ չզրկել իրենց աշխատանքից: Նախկինում շատ խիստ պայմաններ ունեինք օդաչուների համար, օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդությունների առաջացման դեպքում զրկում էինք աշխատանքը շարունակելու հնարավորությունից: Այսօր նոր մեթոդների կիրառմամբ խոր հետազոտություն ենք կատարում, և եթե համապատասխանում է սահմանված որոշակի ստանդարտներին, ապա օդաչուն կարող է շարունակել գործը՝ իհարկե հսկողության տակ»,-ասաց Ղազարյանը:
Սակայն ստանդարտներն այլ են նոր ընդունվող կուրսանտ-օդաչուների համար: Նրանք պետք է 100 տոկոսով առողջ լինեն: Իսկ արդեն գործող օդաչուների դեպքում իրավիճակն այլ է: Սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող մարդը խոր հետազոտությունից հետո և որոշակի ստանդարտների համապաստախանության դեպքում կարող է չզրկվել իր աշխատանքից: Նույնիսկ տեսողական որոշակի խնդիրների և դրանց շտկման դեպքում է հնարավորել շարունակել աշխատանքը:
«Տարիներ առաջ նախքան այդ ստանդարտներն ընդունելը, մենք շատ լավ օդաչուների կորցրեցինք սրտային հիվանդությունների պատճառով: Փորձը ցույց տվեց, որ նույնիսկ սրտի ստենտավորում անցած օդաչուին թույլ են տալիս աշխատել: Տեսնելով այլ վայրերում եղած դրական փորձը՝ մենք որոշեցինք կիրառել այդ պրակտիկան և երկարաձգել մեր օդաչուների թռիչքային կյանքը»,-նշեց Լիլիթ Ղազարյանը:
«Ավիաբուժ»-ը ռիսկերը կանխելու նպատակով խորացված հետազոտություն է կատարում: Օդաչուներն անցնում են բուժզննում տարին մեկ անգամ, իսկ 60 տարին լրանալուց հետո՝ 6 ամիսը մեկ անգամ:
Թռիչքային գործունեության վարչության պետ, 62-ամյա օդաչու Գրիգոր Հայրապետյանը, ով աշխատել է արդեն 22500 թռիչքային ժամ կամ 38 տարի, չի դժգոհում իր առողջությունից: Ցածր ճնշման տակ աշխատելը, աղմուկը, վիբրացիան թողնում են իրենց հետևանքը, սակայն բացի նրանից, որ բժիշկները պարբերաբար ստուգում են իրենց, նաև վերականգնողական ծրագրեր են անցնում: «Ունենք նաև վերականգնողական ծրագրեր, լողավազան, թենիս: Կան որոշակի հարմարություններ, որ օգնում են ավելի շուտ վերականգնվել: Դրանք պարտադիր պայման են: Բժիշկները հետևում են նաև, որ մենք անպայման ունենանք մեր արձակուրդը, ճիշտ հանգստանանք: Օդաչուի թռիչքային կյանքը երկարաձգելու համար, ստուգումներից բացի, նաև պետք է պահպանել այն: Իսկ դրա համար կան սահմանված կանոններ»,-ասաց օդաչուն:
Օդաչուներին թույլատրվում է աշխատել մինչ 65 տարեկան: Ռուսաստանում տեղական չվերթների համար՝ նույնիսկ մինչ 70:
Քաղաքացիական ավիացիայի բնագավառում «Ավիաբուժ» բժշկական կենտրոնի գերակա և առաջնային խնդիրն է թռիչքների բժշկասանիտարական անվտանգության կազմակերպումը և ապահովումը: Այդ նպատակով կազմակերպում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության բժշկական ապահովումը, թռչող և կարգավարական աձնակազմի և ավիացիոն այլ մասնագետների բժշկական փորձաքննությունը և այլն: