Բաժիններ՝

ԵՄ-ն խոստացել է պահպանել միջուկային գործարքի պայմանները, քանի դեռ դա անում է Թեհրանը

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին Եվրամիության հանձնառությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը պահպանում է իր պարտավորությունները:

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Ժոաո Վեյլ դե Ալմեյդան: «Մենք նշում ենք, որ ԳՀՀԾ-ն միջուկային չտարածման գլոբալ ճարտարապետության հանգուցային տարրն է եւ կարեւոր է անվտանգության համար տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս:

Քանի դեռ Իրանը կատարում է միջուկային զենքի վերաբերյալ իր պարտավորությունը, ԵՄ-ն նույնպես հանձնառու կլինի ԳՀՀԾ-ի ամբողջական կատարման համար»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված է «Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը. իրադրությունը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում» թեմային:

ԵՄ-ի ներկայացուցիչը նշել է, որ Եվրամիությունը «ափսոսանք է հայտնում ԳՀՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի նախագահի որոշման համար», սակայն դրա հետ մեկտեղ «անհանգստություն է հայտնում բալիստիկ հրթիռների եւ տարածաշրջանում աճող լարվածության կապակցությամբ»: «ԵՄ-ն նաեւ ընդգծում է այդ հարցը ԳՀՀԾ-ից դուրս համապատասխան ձեւաչափերով եւ համապատասխան հանդիպումներում լուծելու անհրաժեշտությունը»,-հավելել է դե Ալմեյդան:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ:

Իր հերթին իրանական կողմը հայտարարել է, որ համաձայն Է ԳՀՀԾ-ում մնալ միայն այդ դեպքում, եթե մնացած գործընկերները, առանց ԱՄՆ-ի, կարողանան ապահովել համաձայնագրի բոլոր պարտավորությունների կատարումը, մասնավորապես, տնտեսության ոլորտում: Իրանի ղեկավարությունը նախազգուշացրել է, որ եթե ԳՀՀԾ-ի պարամետրերի կատարումը անշահավետ դառնա, Թեհրանը դուրս կգա համաձայնագրից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս