Քադիրովը Պուտինին խնդրել է կառուցել Կրասնոդար-Գրոզնի մայրուղին, որը կարժենա 1 տրլն ռուբլի
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Վլադիմիր Պուտինին խնդրել է արագընթաց երկաթուղային մայրուղի կառուցել Կրասնոդարից Գրոզնի:
Այդ մասին հունիսի 26-ին գրել է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Քադիրովի նամակը Պուտինին: Այդ նախագիծը կարող է ֆեդերալ բյուջեի վրա նստել ավելի քան 1 տրիլիոն ռուբլի, հաղորդել է հրատարակությունը:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ Քադիրովը խնդրել է Արտակովկասյան մայրուղու կառուցումը մտցնել մինչեւ 2025 թվականը ՌԴ-ի տարածական զարգացման ռազմավարության մեջ: Նա նաեւ վկայակոչել է Մոսկվա – Ադլեր արագընթաց ուղեգիծ կառուցելու «Ռուսաստանի երկաթուղիների» պլանները եւ նախագահին խնդրել է այդ նախագծի իրականացումն սկսել Դոնի Ռոստով – Կրասնոդար հատվածից: Այնուհետեւ ուղին մինչեւ Չեչնիայի մայրաքաղաք պետք է ձգվի Մայկոպով, Չերքեսկով, Մինվոդիով, Նալչիկով եւ Վլադիկավկազով:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ նախագահը տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Օրեշկինին եւ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխին հանձնարարել է ուսումնասիրել Քադիրովի նամակը եւ զեկուցել՝ հնարավո՞ր է արդյոք ռազմավարության մեջ ներառել Կրասնոդար – Գրոզնի մայրուղին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: