
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկեց Հիթրոու օդանավակայանի ընդլայնման օգտին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի մայրաքաղաքի Հիթրոու օդանավակայանում երրորդ թռիչքավայրէջքային գոտու կառուցման՝ կառավարության նախաձեռնությանը: Այդ մասին հայտնել է Sky News-ը: Նախաձեռնության օգտին քվեարկել է 415 պատգամավոր, դեմ՝ 119-ը:
Երկրի գլխավոր օդանավակայանի ընդլայնումը 18,6 միլիարդ դոլար կնստի Մեծ Բրիտանիայի բյուջեի վրա: Կառավարության ղեկավար Թերեզա Մեյի կարծիքով՝ շինարարությունը կխթանի ազգային տնտեսության աճը Եվրամիությունից երկրի դուրս գալու ֆոնին: Գործարար շրջաններում նախագիծն ակտիվ հավանության է արժանացել, սակայն դրա հակառակորդներ էլ քիչ չեն:
Տագնապ են հնչեցնում բնապահպանները, որոնք մայրաքաղաքի իրադրության լուրջ վատթարացում են կանխատեսում, ինչպես նաեւ բուն լոնդոնցիները, հատկապես նրանք, ովքեր ապրում են Հիթրոուի անմիջական մերձակայքում: Ակտիվիստների խոսքով՝ երրորդ գոտու կառուցումից հետո օդանավակայանը կարտադրի նույնքնան ածխաթթվական գազ, որքան ամբողջ Պորտուգալիան:
Աղմուկի մակարդակով Հիթրոուն արդեն առաջ է անցել Եվրոպայի բազմաթիվ օդանավակայաններից. այնտեղ ինքնաթիռներ են վայրէջք կատարում եւ այնտեղից թռչում յուրաքանչյուր 90 վայրկյանը մեկ: Մինչ Համայնքների պալատում բանավեճեր էին ընթանում, Վեսթմինսթերի պալատ են ներթափանցել մի խումբ ակտիվիստներ, որոնք հանդես են գալիս օրինագծի դեմ: 12 մարդ պառկել է հատակին կենտրոնական նախասրահում: Որոշ ժամանակ անց նրանք կամավոր հեռացել են պալատից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: