«Նախիջևանի ուղղությամբ տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժ». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին՝ Արենի գյուղի ուղղությյամբ, կարևոր բարձունք է գրավել:

«Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով պատասխանելով օգտատեր Սամվել Չախալյանի հարցին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ: «Այսինքն, այս առումով որևէ բան չի փոխվել: Որոշակի դիրքերի շարժ է տեղի ունեցել: Եվ ասեմ՝ այն, որ Ադրբեջանը հայտարարում է, որ Երևան-Լաչին ավտոճանապարհը նշանառության տակ է առել, նրանք, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ 1992-1993 թվականից այդ ճանապարհը նշանառության տակ է, և ճանապարհի վրա ազդեցության առումով ոչ մի փոփոխություն բացարձակապես տեղի չի ունեցել:

Նախիջևանի ուղղությամբ տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժ: Ընդ որում, խոսել մեր կողմից ինչ-որ տարածքների կորստի մասին, ուղղակի անհեթեթություն է: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ որևէ տարածք կորսվի առանց մի հատ կրակոցի: Ադրբեջանը որոշ դիրքեր տեղաշարժել է տարբեր ուղղություններով, ես հիմա չեմ ցանկանում անդրադառնալ թեմային՝ մենք որևէ դիրք տեղաշարժել ենք, թե չենք տեղաշարժել, և ընդամենը ուզում եմ ասել, որ մարտավարական և ռազմավարական առումով Նախիջևանի ուղղությամբ որևէ բան չի փոխվել, մենք ունենք նույն իրավիճակը, որն ունեցել ենք մի քանի ամիս առաջ»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ այնտեղ դիրքերի որոշակի տեղափոխություն է տեղի ունեցել, ինչի պատճառով իրավիճակի որոշակի լարում է եղել, և իրավիճակը շարունակում է մնալ որոշակի լարված, սակայն ծայրից ծայր անհեթեթություն է այն քարոզչությունը, որ Ադրբեջանը տանում է այս խնդրի կապակցությամբ: «Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի այն մտավախությունները, մարտահրավերները և ռիսկերը որոնք կարող են բխել իրադրության այսպիսի փոփոխությունից, դարձնենք կառավարելի»,- մանրամասնեց Փաշինյանը:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին այն մասին, թե Ադրբեջանը վերաբնակեցրել է Նախիջևանի հատվածում գտնվող Գյուննութ գյուղը՝ վարչապետը նշեց, որ այդ գյուղի տարածքը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է լինել մեր զինված ուժերի տեսադաշտում և հսկողության ներքո: «Այնպես որ այնտեղ վերաբնակեցման մասին լուրերն անհեթեթություն են: Ռազմական ռիսկի առումով մեզ համար որևէ էական և շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել: Ես չեմ ասում, որ մենք ընդհանրապես որևէ մտավախություն չպետք է ունենանք, սակայն չեմ էլ ասում, որ պետք է առանաձնահատուկ լարվածության մեջ լինենք: Մենք պետք է մեր զգոնությունը պահենք բոլոր ուղղություներով, այդ թվում՝ Նախիջևանի հատվածում»,- եզրափակեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս