Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի միջև գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ:
Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն գագաթաժողովը կարող է կայանալ հաջորդ ամիս նախագահ Թրամփի՝ Եվրոպա այցելության ընթացքում:
Իր հերթին, նախագահ Պուտինը դրականորեն է արձագանքել նման հանդիպման հավանականության վերաբերյալ:
«Ամերիկայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ նման հանդիպումը օգտակար կլիներ: Ես համամիտ եմ: Դա այդպես է»,- ասել է Պուտինը:
Երկու առաջնորդները կարող են հանդիպել Բրյուսելում, նախքան հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Հանդիպման անցկացման մեկ այլ հնարավոր ժամկետ է նախագահ Թրամփի կողմից Մեծ Բրիտանիա կատարելիք այցին հաջորդող օրերը:
ԱՄՆ-ի նախագահն իր հետաքրքրությունն է արտահայտել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները բարելավելու հարցում, մասնավորապես գլոբալ խնդիրների շուրջ:
Այս ամիս Քվեբեկում տեղի ունեցած Մեծ յոթնյակի գագաթաժողովի ընթացքում նախագահ Թրամփն առաջարկել է ընդգրկել Ռուսաստանն ու վերադառնալ Մեծ ութնյակ ձևաչափին:
Հիշեցնենք, որ այս ձեւաչափով Ռուսաստանի մասնակցությունը հանդիպումներին դադարեցվել էր Ղրիմի բռնակցումից հետո: