Բաժիններ՝

«Ինքը դժբախտ մարդ էր, երկրաշարժի ժամանակ կորցրել էր ծնողներին, որբ էր մեծացել». Ակնալիճի համայնքի ղեկավարը՝ մահացած զինծառայողի մասին

Երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող շարքային Հովհաննես Մելքոնյանը, որն Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից էր, ծայրահեղ վատ վիճակում ապրող ընտանիքի հայր էր։ 168.am-ի հետ զրույցում Ակնալիճի համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն ասաց, որ Հովհաննեսը 44 տարեկան էր, ունի 3 երեխա։

Թե ինչի՞ց է մահացել զինծառայողը, համայնքի ղեկավարն էլ տեղյակ չէ, երկու ժամ է՝ ինչ իմացել է կատարվածի մասին. «Նոր զինվորական կոմիսարիատից եմ գալիս, այնտեղ էլ դեռ 100 տոկոսով տեղեկացված չեն մահվան պատճառի մասին»։

Ակնալիճի համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը պատմեց, որ Հովհաննեսի ընտանիքն իրենց գյուղի ամենածայրահեղ վատ վիճակում ապրող ընտանիքներից է.

«Գյուղում ունենք ընդամենը մի փայտյա տնակում ապրող մարդ, որը հենց ինքն էր։ Ինքը դժբախտ մարդ էր, երկրաշարժի ժամանակ կորցրել էր ծնողներին, որբ էր մեծացել։ Մինչև բանակ գնալը, կարելի է ասել՝ մենակ է ապրել, դրանից հետո ամուսնացել է մի աղջկա հետ ու իր հետ ապրել»։

Գ. Միսակյանի խոսքով՝ Հ. Մելքոնյանն ունի 3 երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա. «Մի աղջկան մեկ շաբաթ առաջ ամուսնացրեց, տղան դպրոցական է, էն մյուս աղջիկն էլ դպրոցը վերջացրել է»։

Նա նաև նշեց, որ Հովհաննեսի կինը օրավճարով է աշխատում։

Մենք Գ. Միսակյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ինքը տեղյակ է՝ Հովհաննեսը որևէ հիվանդություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ համայնքի ղեկավարն ասաց.

«Չէ, առողջ տղամարդ էր, ի՞նչ հիվանդություն, ինքը մի շաբաթ առաջ է գնացել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս