Դիմակավորված ու զինված ավազակային հարձակում Սյունիքի մարզում
Երեկ՝ հունիսի 22-ին, հրազենի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 03:30-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիմակավորված ու ատրճանակով զինված Երևան-Գորիս ավտոճանապարհի 230-րդ կմ հատվածում «Ցուրտ Աղբյուր» կոչվող հատվածում տեղակայված դիզվառելիքի լցակայանի շենքի դուռը ծեծել է և երբ աշխատակիցը բացել է դուռը, դիմակավորված ճիվաղը ատրճանակը պահել է աշխատակից՝ 35-ամյա Է. Բ.-ի վրա և պահանջել գումար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինված դիմակավորված անձը, տեսնելով, որ Է. Բ.-ն, ով որպես լիցքավորող է աշխատում, չի կատարում իր պահանջը, մի քանի անգամ զենքին նմանվող ատրճանակի բռնակով հարվածել է նրա գլխին: Լիցքավորողը այդ վիճակով անգամ դիմադրել է հանցագործին, ով ատրճանակից կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արշավիր Գևորգյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեկ պարկուճ և գլխարկ: Ըստ տեղեկությունների՝ գլխարկը պատկանում է փախուստի դիմած հանցագործին, ում գլխից դիմադրության ժամնանակ գլխարկը ընկել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։