
Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետի թիմը հեռանում է. ազատման դիմում է ներկայացրել նաև նրա որդին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ նրա որդին` Հայկ Խլղաթյանը:
Նշենք, որ կրտսեր Խլղաթյանը աշխատում է Արմավիրի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում որպես 2-րդ կարգի մասնագետ: Բացի այս, այս ընթացքում քաղաքապետարանից իրար հետեւից աշխատանքից ազատման դիմումներ կներկայացնեն Խլղաթյաններին մտերիմ մարդիկ: Օրինակ` Խլղաթյանի առաջին խորհրդական Անահիտ Ումրշատյանը, ով միաժամանակ քաղաքի արվեստի դպրոցներից մեկի տնօրենն է, ճամպրուկային վիճակում է: Անգամ նրա` աշխատանքից ազատման դիմումն է պատրաստ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչեւ երկուշաբթի Խլղաթյանի թիմը` տեղակալները, օգնականները, բաժինների պետերը եւս ճամպրուկները կհավաքեն: Նշենք, որ Արմավիրի քաղաքապետարանում տարբեր տեսակի լուրջ չարաշահումներ են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո աշխատասենյակից հավաքել, տարել է բոլոր իրերը, անգամ պատի ժամացույցը: Սակայն ճանապարհի կեսից վերադարձել է եւ վերցրել Աստվածաշունչը, որ մոռացել էր սենյակում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: