
«Մանվել Գրիգորյանի կալանավորումն ապօրինի է». Մանվել Գրիգորյանի պաշտպան

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը գտնում է՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ապօրինի է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Մանվել Գրիգորյանը տառապում է այնպիսի երկու հիվանդություններով, որոնք, իր կարծիքով, ընդգրկված են ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ, որով անհամատեղելի է վերջինիս արգելանքի տակ վերցնելը՝ կալանավորելը։
Անդրադառնալով իրավապահ մարմինների ներկայացրած այն բացատրությանը, որ Մ. Գրիգորյանը զանգահարել է երրորդ անձի և փորձել է խոչընդոտել քննությանը՝ փաստաբանն ասաց. «Չկա այն սահմանումը, որ նա զանգահարեց երրորդ անձի և ասաց՝ նման գործողություններ անել, ու դա հիմք է անձին կալանավորելու համար»։
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ նա չի՞ փորձել խոչընդոտել գործի քննությանը՝ Լ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, դա պետական լիազոր մարմինը հատուկ իրացրեց և ԶԼՄ-ներին տրամադրեց, որ կարողանա արդարացնել իր անօրինական գործողությունը։ Դատական ակտ կա, որտեղ որոշակի գործառույթ պետք է իրականացնեն Մանվել Գրիգորյանի նկատմամբ, և որոշման տակ չկա ամսաթիվ։ Ի՞նչ եք կարծում՝ դա իրավաչա՞փ է, օրինակա՞ն է»։
168.am-ի հարցին՝ ձերբակալումն անօրինական եք համարում՝ հաշվի առնելով, որ նա պատգամավոր, հետևաբար՝ անձեռնմխելի ա՞նձ էր, թե՞ առհասարակ անձի ձերբակալությունն եք համարում անօրինական, Լ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց.
«Ինչ վերաբերում է պատգամավորի կարգավիճակին, ես՝ որպես իրավաբան, կարծում եմ՝ անձեռնմխելի անձինք ՀՀ-ում չեն լինում, բացառիկ դեպքերում՝ միգուցե վարչապետը։ Այն, որ նա պատգամավոր էր և օրենքի ուժով ուներ անձեռնմխելիություն, միանշանակ՝ ոչ, այդ առումով ամեն ինչ իրավաչափ էր։ Այլ խնդիր է, թե ինչ ֆորմատով ներկայացվեց, ու մարդիկ արտահայտվեցին։ ԱԺ-ում խոսում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ կեղծել են ընտրությունները, ինչը, կարծում եմ՝ ավելի ծանր հանցագործություն է, քան՝ իմ պաշտպանյալին մեղսագրվող արարքները»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։