ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների պատվիրակությունը կայցելի Ռուսաստան
ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որը պլանավորում է առաջիկա օրերին այց կատարել Ռուսաստան, կընդգրկի ինչպես Սենատի, այնպես էլ Ներկայացուցիչների պալատի անդամների: Այդ մասին հունիսի 21-ին լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ, որոնց թվում եղել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հայտնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
Նա ճշտել է, որ պատվիրակության կազմում կընդգրկվեն ոչ միայն երեք հանրապետական սենատորները, որոնց մասին ավելի վաղ արդեն գրել է ամերիկյան մամուլը՝ Ռիչարդ Շելբին (Ալաբամայի նահանգից), Ջոն Քենեդին (Լուիզիանայից) եւ Ջոն Հուվենը (Հյուսիսային Դաքոթայից): Բացի այդ, Ռուսաստան կմեկնեն ինչպես սենատորներ, այնպես էլ կոնգրեսականներ, հաստատել է Անտոնովը:
Նրա ներկայացրած տեղեկատվության համաձայն, ամերիկացի օրենսդիրների այցի ծրագիրը հունիսի վերջից մինչեւ հուլիսի սկիզբն այցելություն է նախատեսում Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ: Ուղեւորության ստույգ ժամկետները եւ պատվիրակության քանակական կազմը Անտոնովը դժվարացել է նշել:
«Իսկապես, կան նման պլաններ: «…» Բնականաբար, մենք ողջունում ենք այդ ձգտումը, կարծում ենք, որ սենատորների (եւ կոնգրեսականների) ժամանումը որոշակի խթան կդառնա երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի վերսկսման համար: Մենք վաղուց ենք հանդես գալիս դրա օգտին, հրավիրում ենք մեր ամերիկացի գործընկերներին: Եվ ես շատ ուրախ եմ, որ ահա այժմ նրանք արձագանքել են»,-հայտարարել է դիվանագետը: