Թաիլանդը գլխավորել է զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների վարկանիշը
Ապահովագրական դեպքերի ուսումնասիրումը ի հայտ է բերել աշխարհի ամենավտանգավոր տուրիստական ուղղությունները: Այդ մասի հայտնել է Endsleigh Insurance Services բրիտանական ապահովագրական ընկերությունը:
Ընկերության տվյալներով՝ ապահովագրական դեպքերի գրեթե քառորդ մասը (23 տոկոս) 2017 թվականին տեղի է ունեցել Թաիլանդում, երկիր, որը հայտնի է իր իդիլիական ավազե լողափերով, հարուստ տաճարներով եւ նրբաճաշակ խոհանոցով: Երկրորդ եւ երրորդ տեղերը բաժանում են Չիլին եւ ԱՄՆ-ը: Այս երկրներից յուրաքանչյուրին բաժին է հասել ապահովագրական դեպքերի 15-ական տոկոսը: Իսպանիայի, Գերմանիայի, Նեպալի եւ Պերուի համանման ցուցանիշը կազմել է 8 տոկոս:
Ցուցակում նրանց հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է ապահովագրողին բոլոր դիմածների 7 տոկոսը: Տասնյակը եզրափակել են Բահամյան կղզիները եւ Բրազիլիան (4-ական տոկոս):
Հետազոտությունը ցույց է տվել, որ ճանապարհորդությունների ընթացքում ապահովագրական բոլոր ծախսերի գրեթե երեք քառորդը (71 տոկոս) կապված է եղել արտասահմանում շտապ բուժօգնության հետ: Ընդ որում՝ վճարումների միջին չափը կազմել է 1,3 մլն ֆունտ ստեռլինգ: 11 տոկոս կազմող դեպքերում զբոսաշրջիկներն ապահովագրական ընկերությանը դիմել են ուղեբեռի կորստյան կամ վնասվելու պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: