Ամերիկացիների մեծամասնությունը չի պաշտպանում Թրամփի արտաքին քաղաքականությունը. հարցում
Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է այն արտաքին քաղաքականությանը, որը վարում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին վկայում են CNN հեռուստաալիքի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հունիսի 21-ին:
Տարածված տվյալների համաձայն՝ հարցվածների 53 տոկոսը բացասաբար է վերաբերվում այն բանին, թե Թրամփն ինչպես է հարաբերությունները կառուցում արտասահմանյան պետությունների հետ: Նրա արտաքին քաղաքականությանը հավանություն է տալիս հարցվածների միայն 39 տոկոսը: Ընդ որում մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը դրական էր գնահատում հարցվածների 42 տոկոսը:
Հարցման մասնակիցների 60 տոկոսից փոքր-ինչ ավելին այն կարծիքին է, որ Վաշինգտոնի համար ավելի լավ է բարեկամական հարաբերություններ պահպանել մերձավոր դաշնակիցների հետ, քան այդ պետություններից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանել: Հակառակ կարծիքին է հարցվածների 25 տոկոսը: Հարցման մասնակիցների մոտավորապես երկու երրորդն առաջվա պես կարծում է, որ արտասահմանյան ղեկավարները չեն հարգում Թրամփին, նշել է հեռուստաալիքը:
Մինչդեռ հարցման մասնակիցների մեծամասնությունը (66 տոկոս) դրական է գնահատում ԱՄՆ-ի տնտեսական դրությունը, որն ստեղծվել է Թրամփի օրոք: Հարցումը հունիսի 14-ից 17-ն անցկացվել է ավելի քան հազար չափահաս ամերիկացիների շրջանում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,7 տոկոսային կետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: