«Եթե Նախիջևանի հատվածում Ադրբեջանը և Հայաստանը սկսեն պատերազմել, դա երրորդ համաշխարհային պատերազմի հիմքը կլինի». Լևոն Ստեփանյան
Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանի խոսքով՝ հայկական հետքերը Նախիջևանում գրեթե չկան։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ 1921 թվականից սկսած՝ ՀՀ-ն ոչ մի լուրջ քայլ չի արել, որ պաշտպանի Նախիջևանի հայությանը, ինչի արդյունքում Նախիջևանը հայաթափվել է։
Անդրադառնալով վերջին օրերն Նախիջանում տեղի ունեցած իրադարձություններին՝ Լ. Ստեփանյանն ասաց. «11 հազար հեկտար հողատարածքը հայկական կողմի կողմից գրավված չի եղել։ 21-րդ դարում բանակի գործողությունները կապել ինչ-որ բարձունքների հետ, ինչ-որ հետամնացության մասին է խոսում։ Մենք պետք է ռեալ նայենք, չի կարելի ամբողջ Հայաստանով խուճապի մատնվենք ու սպասենք ինչ-որ գործողությունների»։
Նրա խոսքով՝ բարձունքները չեն որոշելու ապագա պատերազմը. «Եթե նրանք այնտեղ կանգնած են, առաջին հերթին նրանք են ոչնչացվելու»։
Ըստ Լ. Ստեփանյանի՝ կարող են լինել լոկալ կրակոցներ այդ հատվածում, բայց դրանից ավելի ոչ մի քայլի չեն գնա ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ հայերը. «Եթե այդ հատվածում Ադրբեջանը և Հայաստանը սկսեն պատերազմել, դա երրորդ համաշխարհային պատերազմի հիմքը կլինի»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։