«Որ հետո մարդիկ չասեն՝ «հերոսս մեռավ, հիասթափվեցի»…». Թևան Պողոսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը գտնում է՝ հասարակությունը դասեր պետք է քաղի վերջին օրերին տեղի ունեցած բացահայտումներից։ Այսօր «Կոռուպցիան բանակում. Ովքե՞ր և ինչպե՞ս պետք է կիսեն Մանվել Գրիգորյանի հետ պատասխանատվությունը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ նա նկատեց, որ սրբությունը ոչ թե բանակն է, այլ՝ անվտանգությունը։

«Ցանկացած մարդ որոշում կայացնող է, ու նա պետք է նստի ու նայի՝ իր որոշումը կայացնելուց արդյո՞ք անվտանգությունից ինչ-որ բան է գողանալու կամ փախցնելու, ու այդ կարմիր գիծը չանցնի»,- նշեց Թ. Պողոսյանը։

Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքը կդրսևորվի, երբ այդ արժեքներն արմատավորվեն հասարակության մեջ, և լինի զրո հանդուրժողականություն  դեպի կոռուպցիոն երևույթներ ցանկացած ոլորտում։

«Պետք է հասկանանք, թե ինչ վիճակից ձևավորվեց, որ մեր այն երիտասարդները, մարդիկ, որ 1991 թվականին եկան, ստանձնեցին պատասխանատվությունը, առնչվեցին ռազմական ագրեսիայի հետ և հաղթեցին պատերազմը, դրանից հետո ունեցանք սա, ի՞նչ գայթակղությունների չդիմացան։ Չէ՞ որ որևէ մեկը չի ասում, որ  ռազմական գործողություններ չեն լինելու, իրավիճակներ չեն փոխվելու։

Ունենալո՞ւ ենք նորից այն ընկալումը, որ հերոսը մնալու է հերոս և չի փոխվելու, որ հետո մարդիկ չասեն՝ «հերոսս մեռավ, հիասթափվեցի»։

Փաստորեն այն հերոսները, որոնք մահացան, մնացին հերոս, այն հերոսները, որոնք ապրեցին, ավելի մեծ խնդիրներ ունեցան։ Ամեն մեկս մեր բաժին պայքարը պետք է մեզ վրա վերցնենք, մեխանիզմներն այստեղ են դրված»,- նշեց Թ. Պողոսյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում նոր գործեր էլ կբացահայտվեն։

Տեսանյութեր

Լրահոս