Լևոն Ստեփանյանը հիշեցնում է՝ ինչպես էր Հոկտեմբերի 27-ից հետո Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ով դուրս եկել Ռոբերտ Քոչարյանի դեմ

«Դա հորինված բան չէ, դա ընդունված կարգ է, եթե  ապացուցվի ամեն ինչ, իհարկե, Մանվել Գրիգորյանը կզրկվի բոլոր կոչումներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ այդ հարցը դատարանը կորոշի, միանձնյա ոչ ոք չի կարող որոշել. «Չնայած ես գիտեմ փաստ, որ Վաղարշակ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի կողմից զրկվեց կոչումներից, և առ այսօր չեն մտածում դրանք վերականգնելու մասին, չնայած անօրինական ձևով է դա արվել, նախագահն իրավունք չունի դա անել, դատարանն է որոշում»։

Լ. Ստեփանյանը նշեց, որ Վ. Հարությունյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկել է կոչումներից 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերի համար. «Նախագահը համարեց, որ նա հականախագահական գործողություններ է արել։ Բանակը չէր ենթարկվում նախագահին։ ՊՆ նախարարը չէր ենթարկվում պետության գլխավոր գերագույն հրամանատարին»։

Նա հիշեցրեց, որ այդ փուլում բանակը դուրս էր եկել նախագահի վերահսկողությունից. «Բանակի ամբողջ ղեկավարությունը մտածում էր՝ ինչպես պատժել նախագահին, որովհետև բոլորը նախագահին էին կասկածում տեղի ունեցածի համար»։

Լ. Ստեփանյանի խոսքով՝ երբ Վաղարշակ Հարությունյանին ազատեցին Պաշտպանության նախարարի պաշտոնից և զրկեցին կոչումներից՝  մյուսները ստացան հերթական կոչումներն ու պաշտոնները։

Հարցին՝ Վաղարշակ Հարությունյանը նախագահի ո՞ր հրամաններին չի ենթարկվել, ու ի՞նչ է նախատեսվել բանակի ստորաբաժանումների կողմից նախագահի դեմ, Լ. Ստեփանյանն այսպես պատասխանեց.

«Տարիներ են անցել, ես գուցե ճիշտ բաներ չասեմ,  բայց մի բան գիտեմ, որ բանակի ղեկավարությունը չէր ենթարկվում նախագահին և ինքնուրույն գործողությունների էին դիմել, օրինակ, զորքեր էին մտցնում քաղաք, զորամասերից դուրս էին գալիս ու գալիս էին քաղաք, Կիրովականից Լյովա Երանոսյանի գունդը, և այլն։ Գալիս էին, որ պատժեն նախագահին ու բոլոր նրանց, ում կասկածում էին այդ սպանությունների մեջ»։

Լրագրողներից մեկի հարցին, թե ընդհանուր գործընթացի ղեկավարը Վաղարշակ Հարությունյա՞նն էր, Լ. Ստեփանյանն այսպես պատասխանեց. «Չէի ասի, Վաղարշակ Հարությունյանը չէր այդ գործողությունների առաջին դեմքը, նա ուղղակի չէր կարող չենթարկվել»։

Մեր ճշտող հարցին, թե ո՞վ էր այդ դեպքում այդ գործողությունների առաջին դեմքը, Լ. Ստեփանյանն այսպես պատասխանեց. «Մանվել Գրիգորյանը։ Բոլորը հավաքված էին Մանվել Գրիգորյանի կողքը»։

Ըստ Լ. Ստեփանյանի՝ Մ. Գրիգորյանը ԵԿՄ-ով դուրս էր եկել Ռոբերտ Քոչարյանի դեմ. «Ինչքան հիշում եմ, ուզում էին նոր կառավարություն ստեղծել, վարչապետ և նախարարներ նշանակել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս