«ՀՀ-ում կան տարբեր գեներալներ՝ կա պարոն գեներալ, կա գեներալ, կա հեյ գեներալ կա արա գեներալ». Լևոն Ստեփանյան

«Ես այն կարծիքին եմ, որ գեներալի կոչումը հենց այն գլխից ՀՀ-ում վարեկաբեկված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։

Նա նկատեց, որ ընդհանրապես ընդունված է, որ գեներալին երկար տարիների ընթացքում պատրաստում են։ Ըստ նրա՝ ամեն շարքային ուզում է դառնալ գեներալ, բայց գեներալի կոչում ստանալու համար մոտ 18 տարի է պետք՝ սովորել, ծառայել, նորից սովորել, նորից ծառայել, հետո արժանանալ այդ կոչմանը.

«Մեզ մոտ կոչումը դարձել է նվեր, ծառայությունների համար վերցնում՝ շնորհում են այդ կոչումը։ Գաղտնիք չէ, որ այսօր կան գեներալներ, որոնք գեներալի կոչում են ստացել քաղաքական խաղերի արդյունքում, քաղաքական ծառայություններ մատուցելու համար, ընտրությունների ընթացքում, ձայներ բերելու համար, և այլն։ Դա գաղտնիք չէ։ Գեներալը պետք է գնահատի իր տեղը, պետք է դաստիարակվի։ Ես ՀՀ-ում գեներալ գիտեմ, որը կարծես նկարվելու համար է ստացել այդ կոչումը։ Մի գեներալի տարել էի Արտաշատի սահմանային ջոկատ, նա չգիտեր ողջունելու ձևը։ Հրամանատարը զեկուցում է նախարարին, որ իր զինվորները շարված են այդ միջոցառման համար, նա ձախ ձեռքով է ողջունում, հասկանո՞ւմ եք, դա ամոթ է։ Ես գեներալ գիտեմ, որ սեղանին նստած՝ չգիտի պատառաքաղից, դանակից օգտվել։ Շատ խնդիրներ են եղել ու կան, ու վարկաբեկվել է գեներալի կոչումը, գեներալ գիտեմ, որ չգիտեր՝ Արարատ սարը Թուրքիայում է, ոչ թե՝ Հայաստանում»։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված վերջին աղմկահարույց բացահայտումներին՝ Լ. Ստեփանյանը նկատեց, որ կա քրեական գործ, քննություն է ընթանում. «Ես համոզված եմ, որ այս խմորը շատ ջուր կտանի, լավ բաներ չեմ սպասում»

168.am-ի հարցին՝ սպասելի՞ էին ձեզ համար այս բացահայտումները՝ հաշվի առնելով ձեր նշածները գեներալների մասին, Լ. Ստեփանյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ համարում դա բացահայտում, որովհետև դրա մասին բոլորը գիտեին։ Քննությունը ցույց կտա։ ՀՀ-ում կան տարբեր գեներալներ՝ կա պարոն գեներալ, կա գեներալ, կա հեյ գեներալ կա արա գեներալ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս