Արմեն Լամբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով
«Սասնա ծռերի» 11 անդամների գործով կալանքի տակ գտնվող Արմեն Լամբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ ստացվել է Արմեն Լամբարյանի դատաբժշկական հետազոտության արդյունքները, որը և հրապարակվեց:
Համաձայն փորձաքննության եզրակացության՝ Արմեն Լամբարյանը հրազենային վնասվածքի հետևանքով ստացել է բազմաթիվ հիվանդություններ՝ քայլքի ֆունկցիոնալ խանգարում, նկատվում է ձախ վերջույթի 6 սմ բացարձակ կարճություն, իսկ ձախ ազդրի մեջ առկա են մետաղական մարմիններ։
Բացի թվարկվածը, Լամբարյանի մոտ առկա են նաև նյարդաբանական որոշակի հիվանդություններ, որոնց պատճառով նա բուժհսկողություն կարիք ունի։
Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը վերացնել կամ ընտրել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։
Պաշտպանի միջնորդությանը չառարկեց նաև դատախազը:
Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց պաշտպանի միջնորդությունը, և կալանքը փոխարինվեց գրավով, իսկ գրավի չափ սահմանվեց 500 000 ՀՀ դրամը:
Աղբյուր` Փաստինֆո