«Մանվել Գրիգորյանի արածները եղել են հովանավորված ու թույլատրված նախկին իշխանությունների կողմից». Իրավապաշտպան
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» հ/կ նախագահ Ժաննա Ալեքսանյանը գտնում է՝ այն, որ նախկինում մարդիկ գտնվում էին օրենքից դուրս, ու գեներալներն էլ թաթախված էին կոռուպցիայի մեջ, բոլորին էր հայտնի, սակայն այդ դեպքերն արձագանք չէին գտնում Զինված ուժերի ղեկավարության և նախկին իշխանությունների կողմից։
Այսօր «Կոռուպցիան բանակում. Ովքե՞ր և ինչպե՞ս պետք է կիսեն Մանվել Գրիգորյանի հետ պատասխանատվությունը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ նա նշեց, որ իրենք բանակի խնդիրներով զբաղվում են տասնամյակներ շարունակ ու նման բազմաթիվ դեպքեր կարող են ասել, որ այդ մարդկանց որևէ մեկը չէր կարող կանչել քննության. «Սա համակարգային խնդիր է։ Ես չեմ զարմանում, որովհետև ես այլ բան չէի սպասում, թե ինչ պետք է հայտնաբերեին Մանվել Գրիգորյանի ամառանոցում կամ առանձնատանը»։
Ըստ իրավապաշտպանի՝ Մ. Գրիգորյանի արածները եղել են հովանավորված ու թույլատրված նախկին իշխանությունների կողմից։ Նա ողջունեց, որ կառավարությունը հենց բանակից է սկսել կոռուպցիայի դեմ պայքարել, ու հայտարարեց, որ իրենց կազմակերպությունն ամեն ինչով աջակցելու է կառավարությանն այդ հարցում։
«Խաղաղության Երկխոսություն» հ/կ նախագահ Էդգար Խաչատրյանն էլ նկատեց, որ այն, ինչ այսօր տեսնում ենք ՀՀ-ում, սառցաբեկորի ընդամենը մեկ կտորն է. «Առաջին անգամ ՀՀ-ում տեսնում եմ քաղաքական կամք իշխանությունների մոտ՝ այդ կոռուպցիոն դրսևորումները բոլոր ոլորտներում վերացնելու։ Միամիտ կլինեինք, եթե մտածեինք, որ ԱԱԾ-ն այն ժամանակ չէր գիտակցում՝ ինչ է կատարվում, միամիտ կլիներ կարծել, որ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները չգիտեն՝ ինչ է կատարվում, որ ԵԿՄ-ին տրված գումարներն ուր են գնում»,- նշեց Է. Խաչատրյանը։
Նրան դուր է գալիս, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում մեսիջ է ուղարկել, որ ՀՀ-ում այլևս անձեռնմխելիներ չեն լինելու։ Է. Խաչատրյանի համար մտահոգիչ է, որ միայն բանակի հետ կապված կոռուպցիոն դրսևորումներն են նման արձագանք ստանում հանրության կողմից. «Այդ նույն երևույթները բոլոր ոլորտներում էր, ու հասարակությունը քիչ թե շատ նորմալ էր նայում դրան, հասարակությունը պետք է համարժեք աղմուկ բարձրացներ նաև բոլոր ոլորտներում եղած կոռուպցիոն դրսևորումներին, որովհետև բոլոր ոլորտներում այդ կոռուպցիոն դրսևորումները եղել են»։