ԱՄՆ-ում երկրի պատմության մեջ առաջին անգամ սպիտակամորթ բնակչության կրճատում է գրանցվել. Hill
2015 թվականից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգների սպիտակամորթ բնակչությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ կրճատվել է, եւ այս միտումն ավելի ընդգրկուն է դարձել անցյալ տարի: Այս մասին հայտնել է Hill թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի՝ հունիսի 21-ին հրապարակված տվյալները:
Ըստ Բյուրոյի տեղեկությունների՝ 2016-ից մինչեւ 2017 թվականը սպիտակամորթ ամերիկացիների թիվը կրճատվել է 0,02 տոկոսով կամ 31 հազար 516-ով՝ մինչեւ 197,8 միլիոն, ինչը դարձել է «պատմական փոփոխություն» երկրի ազգաբնակչության զարգացման հարցում:
Անցյալ տարի, նշված է Բյուրոյի զեկույցում, երկրում բնակվող՝ Լատինական Ամերիկայի պետություններից սերածների թիվը 2,1 տոկոսով աճել է նախորդ տարվա համեմատությամբ եւ կազմել 58,9 միլիոն: Նույն ժամանակահատվածում աֆրոամերիկացիների թվաքանակն ավելացել է 1,2 տոկոսով՝ մինչեւ 47,4 միլիոն, ասիական ծագումով բակիչներինը՝ 3,1 տոկոսով՝ մինչեւ 22,2 միլիոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: