Մանե Թանդիլյանը կմնա նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության շարքերում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կշարունակի նաև անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց նախարարի պաշտոնում վերահաստատված Թանդիլյանը, իր հրաժարականի հաստատումից հետո միայն պետք է դադարեցներ կուսակցական գործունեությունը։

«Եթե ես կառավարության անդամ եմ, որին ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հետևաբար՝ տրամաբանությունը շատ պարզ է և ակնհայտ երևում է։ Դիմումը տրամաբանորեն պետք է ուղարկվեր հրաժարականի ընդունումից հետո»,- ասաց Մ.Թանդիլյանը։

Հիշեցնենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախարար Մանե Թանդիլյանը պարզաբանել է կառավարությունում աշխատանքը շարունակելու որոշումը: «Ինչպես գիտեք, իմ հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ: Ինձ վստահված առաքելությունը նախարարի պաշտոնում գիտակցել եմ աշխատանքիս առաջին օրվանից, երբ միայն օրական ստացվող հարյուրավոր նամակները արձանագրում են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման կարևորությունն ու հրատապությունը:

Այս ընթացքում, այդ թվում՝ հրաժարական տալուց հետո, արել եմ հնարավոր ամեն բան առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կարող է առկա խնդիրները լուծել բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում:  Հրաժարական տալուց հետո ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, այդ թվում՝ կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա բարելավման վերաբերյալ: Հաշվի առնելով, որ դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը, որը ընդունելի, ընկալելի և գրավիչ կլինի հանրության լայն հատվածի համար, միևնույն ժամանակ բարելավելով կայունությունն ու հուսալիությունը՝ ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը և այդ լիազորությունների շրջանակներում նախաձեռնել բարեփոխումների իրականացումը:

Կարդացեք նաև

Գիտակցելով, որ կուտակայինի հարցի լուծման համար մենք չենք կարող տրամադրել երկար ժամանակ և մեծ ռեսուրսներ, քանի որ մնացած ոլորտների խնդիրները ոչ պակաս կարևոր են և հրատապ, հետևաբար, հարցի վերաբերյալ բարեփոխումներն իրականացվելու են առավելագույնս սեղմ ժամկետներում, մասնավորապես, արդեն 1-2 շաբաթվա ընթացքում նախարարարության կողմից կներկայացվի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:  Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանն աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ. հունվարի 1-ից:

Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ ինչպես այս մեկ ամսվա ընթացքում, առաջիկայում էլ չեմ պատրաստվում կենտրոնանալ այս խնդրի վրա և պատրաստ եմ ամբողջ ներուժս դնել և ինձ վստահված լիազորությունների շրջանակներում իրականացնել արդյունավետ բարեփոխումներ»,- գրել է Մ.Թանդիլյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս