
Կիմ Չեն Ունը և Սի Ցզինպինը քննարկել են Սինգապուրի գագաթնաժողովի արդյունքները

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ Պեկինում կայացած հանդիպմանը հայտարարել է Կորեական թերակղզու միջուկազերծման ուղղությամբ Փհենյանի ջանքերին «վճռական աջակցության» մասին: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հավելելով, որ «բանակցություններն անցել են ջերմ, անկեղծ ու բարեկամական մթնոլորտում»:
Կիմ Չեն ՈՒնը խոստացել է Չինաստանի ղեկավարությանը, որ Փհենյանը մշտական կապ կպահպանի ՉԺՀ-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի «կայուն խաղաղություն ապահովի թերակղզու նոր ապագայի ձեւավորման գործընթացում»:
Ինչպես նշվում է Չինաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, Սի Ցզինպինը «հաճույքով է հետեւում» ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածությունների իրագործմանը եւ բարձր է գնահատում Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի «ռազմավարական շփումներն» ու ԿԺԴՀ-ի առաջնորդի ներկայիս այցը Պեկին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: