Բաժիններ՝

«Ուղարկել են սնունդ, ջուր, հագուստ, դեղորայք, բայց մեզ ոչինչ չի հասել. օրերով սոված-ծարավ ենք մնացել». ապրիլյան պատերազմի մասնակից

«Իմ հայրն էլ է երկրապահ, և կարող եմ ասել, որ կան շատ ազատամարտիկներ, ովքեր ի ծնե հայրենիքի զավակներ են, ովքեր առանց որևէ շահի իրենց կյանքը զոհաբերել են ու հիմա էլ պատրաստ են զոհաբերել իրենց ազգին։ Երկրապահը ուժեղ կառույց է, ես եղել եմ պատանի երկրապահ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Շավարշ Մուրադյանը՝ ընդգծելով, որ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված վերջին բացահայտումներն իր համար այդքան էլ մեծ անակնկալ չէին։

«Ես որոշ չափով տեղեկացված էի, որ պարոն Գրիգորյանի կողմից իր պաշտոնական դիրքի ինչ-որ չարաշահումներ եղել են, բայց որ իմացա, որ զինվորի բաժինը, զինվորին պատկանող սնունդը, դեղորայքը և այլ զինամթերք, որոնք շատ կարևոր էին մեզ համար ապրիլյան պատերազմի ժամանակ….

Ես անձամբ Մարտակերտում եմ կռվել, և մեզ համար այդ օրերին շատ դժվար էր, որովհետև ունեինք սննդի, դեղորայքի, զինամթերքի պակաս։ Մենք շատ էինք ուրախացել, որ տեսել էինք՝ այդքան օգնություն էին ուղարկում, բայց շատ տխրեցինք, որ ոչ մի բան մեզ չհասավ։ Մենք թեև չհուսահատվեցինք, քանի որ զինվորը նրա համար է, որ դիմադրի ամեն մի դժվարության, ոչ թե ուշադրություն դարձնի՝ ինչ են իրենց ուղարկել, այլ ինքն իրեն կարողանա պահպանել այդ դժվարին պահերին և կարողանա բարձր պահել հայրենիքի և ծնողների պատիվը»,- պարզաբանեց նա։

Շ. Մուրադյանն ասաց, որ ապրիլյան պատերազմի օրերին իմացել է՝ իր ծննդավայր Կապան քաղաքից ուղարկել են սնունդ, ջուր, հագուստ, դեղորայք, բայց իրենց ոչինչ չի հասել. «Միայն բարեկամներ ունեի, որոնք իմանալով, որ ոչ մի օգնություն չեն ուղարկում հենակետեր, անձամբ իրենց մեքենաներով են բերել, հայրս կազմակերպեց, սնունդ, դեղորայք ուղարկեց մեր դիրքերը։

Այդ ժամանակ Կապանի երկրապահները Թալիշում էին կռվում, իսկ մինչև Թալիշ Մարտակերտն է, դրա համար օգնություն հասնում էր։ Այդ ժամանակ բանակը ջուր չէր կարողանում մատակարարել, սնունդը շատ քիչ էր, օրերով սոված-ծարավ ենք մնացել, բայց դիմացել ենք։ Ասածս այն է, որ ինչ-որ անձի կամ անձանց խմբի արարքների պատճառով կառույցը քննադատել ճիշտ չէ։

Նախ պարզ է, որ պարոն Գրիգորյանը չէր կարող այդքանը միայնակ կազմակերպել, նրան օգնողներ են եղել, նա այնքան վստահ էր իր ուժերի, հզորության վրա, որովհետև այն ժամանակ ՀՀԿ-ն էր իշխողը, և չէր էլ կարող մտածել, որ ինչ-որ մեկը կբացահայտի նրա այդ չարագործությունները»։

Ասուլիսի մասնակից, «Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» նախաձեռնության հեղինակ, դիրքապահ, «Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հ/կ ղեկավար Մանուել Մանուկյանն էլ նկատեց. «Մանվել Գրիգորյանի հետ վայելողներ էլ են եղել երևի թե, որոնք այսօր կանգնել-ասում են՝ մենք տեղյակ չէինք, մենք չգիտեինք։ Սակայն, եթե այդ մարդիկ այդպես են վարվել այն մարդկանց հետ, ովքեր առաջնագծում իրենց, իրենց երեխաներին են պահել, ու այսօր իրենք էլի շարունակում են թաքնվել, ամեն ինչ բարդել միայն Մանվել Գրիգորյանի վրա, մենք այդքան միամիտ չենք, մենք ամեն ինչ անցել ենք, տեսել ենք, շատ լավ  հասկանում ենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս