ԱԺ-ն կողմ է Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն
Ազգային ժողովը պատգամավորների ձայների՝ 77 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ բավարարեց Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը։
ԱԺ 104 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 82-ը։ Քվեատուփում առկա է եղել 82 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 2-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Առանձնատանը հայտնաբերվել են նաև տասնյակ սեփականության վկայականներ: Մ. Գրիգորյանի հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան:
Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։