Բաժիններ՝

Ավարտվել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանի տանից կատարված գողության գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Վահագնի թաղամասում գտնվող մի շարք տներից, այդ թվում՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի տանից, կատարված հափշտակության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2018թ. հունվարի 12-ին` ժամը 23:50-ին, ահազանգ էր ստացվել՝ Վահագնի թաղամասի տներից մեկում կատարված գողության վերաբերյալ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ժամը 22:40-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Վահագնի թաղամասի տներից մեկի պատուհանը, մուտք է գործել և հափշտակել տարբեր զարդեր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձորի բնակիչ է՝ ծնված 1984թ.:

Կատարված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է նույն անձի կողմից 2017թ. դեկտեմբեր-հունվար ամիսներին Վահագնի թաղամասում կատարված մի շարք այլ գողություններ, այդ թվում՝ փաստական տվյալներ ձեռք բերվել, որ նրա կողմից է իրականացվել նաև մաեստրո Հովհաննես Չեքիջյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող տանից 2017 թվականի նոյեմբերին արձանագրված գողությունը։

2017 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 21:00-ի սահմաններում, վերջինս, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով Հովհաննես Չեքիջյանին պատկանող առանձնատան խոհանոցի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել ներս և բնակարանի հյուրասենյակից հափշտակել հուշամեդալներ, շքանշաններ, սրբապատկերներ և այլ իրեր, որոնց մի մասը հայտնաբերվել է կասկածյալի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում, մի մասն էլ՝ գնորդների բնակարանում։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 34-ամյա վանաձորցի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (մեկ դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետով (մեկ դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մեկ դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս